«Խնդիրն ամբողջ ընտրական համակարգի նկատմամբ վստահության վերականգնումն է». Միքայել Մելքումյան
«Նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԲՀԿ-ն առաջարկներ կներկայացնի այն ժամանակ, երբ նախագիծը ներկայացվի ԱԺ, և քննարկումներ սկսվեն: Ես առաջին հերթին՝ կարևորում եմ թափանցիկության խնդիրը, որ էլեկտրոնային քվեարկության մասին է խոսք գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա՝ խնդիրը 2 մասի է բաժանվում, մեկը՝ տվյալ օրվա քվեարկության հետ որևէ «պրետենզիա» չունենալու խնդիրն է, այսինքն՝ այդ օրն ամեն ինչ էլեկտրոնային ֆիքսվի, որպեզի ցուցակ հրապարակելու խնդիրը դուրս գա: Երկրորդը, Մ.Մելքումյանի խոսքով, կապված է ծրագրային անվտանգության ապահովման հետ՝ էլեկտրոնային քվեարկության դեպքում սերվերին միջամտելու որևէ տարբերակ կա՞, թե՞ ոչ, որպեսզի այդ հարցն էլ կանխվի. «Կարծում եմ՝ այստեղ նաև միջազգային կառույցների աջակցությամբ պետք է խնդիրը կոմպլեքս լուծվի: Երաշխիքներ են պետք տեխնիկական մասով»:
«Երկրորդ ուղղությունն ընտրատարածքների խոշորացումն է: Ես կողմ եմ, որ մինչև 10-11 ընտրատարածքներ մնան, որովհետև հակառակ դեպքում մարզային ազդեցությունը մնում է: Ինչքան խոշոր, այնքան վարչական ու ֆինանսական ռեսուրսի ազդեցության չափը կնվազի: Երրորդ՝ փակ և բաց ծրարների խնդիրն է, քաղաքական թիմի համամասնությունը, թե կուսակցությունից որ մասն է ռեյտինգային մասնակցելու, ես կողմ եմ 50/50 տարբերակին: Նաև պետք է մանրակրկիտ նայել ԸՕ-ում դիտորդների ինստիտուտը, վստահված անձինք, հանձնաժողովի անդամները, նախընտրական քարոզարշավի խստացումը, օրինակ, գումար ծախսելու հետ կապված, զանգվածային միջոցառումների, և այլն: Խնդիրն ամբողջ ընտրական համակարգի նկատմամբ վստահության վերականգնումն է»,- ասաց Մ.Մելքումյանը:
Հարցին՝ արդյոք ԸՕ-ի փոփոխումը կկանխի՞ ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Նախկինում լցոնումներն արտառոց էին, հետո կարծես վերջին տարիներին չկային, այսինքն՝ վարչական ու ֆինանսական ռեսուրսն աշխատում էր, և մարդն արդեն կողմնորոշված գնում ու ընտրում էր: Այժմ նախընտրական քարոզարշավը խստացվում է, և քվեարկության օրվա լուրջ հարցն էլ էլեկտրոնային համակարգն է, որ լուծում է ընդամենը մասնակիցների թափանցիկության խնդիրը»: