«Հոսպիտալացնեիր՝ մահանալու էր, չհոսպիտալացնեիր՝ մահանալու էր». փաստաբանը՝ ծննդկան Մերի Մարգարյանի մասին

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի համար դատարան է հրավիրել Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Այս մասին այսօր պաշտպանն ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Նա նշեց, որ Արա Ասոյանն իրեն է զանգահարել՝ իր կոլեգայի դատավարական վիճակը ճշտելու նպատակով, ինքն էլ հայտնել է, որ Շուշանիկ Բախշյանը բարձր ջերմություն ունի, Արա Ասոյանն էլ ասել է, որ կգա. «Ասեց՝ խոզի գրիպից արդեն 17 զոհ տվել ենք: Ու շտապօգնությունն Ասոյանի դրդմամբ է եկել»: Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ Արա Ասոյանը հետազոտել է Շուշանիկ Բախշյանին, առաջարկել շտապօգնություն կանչել, իսկ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու մասին կայացվել է որոշում շտապօգնության և քննություն իրականացնող քննիչի կողմից:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ջերմության առկայության պայմաններում Մերի Մարգարյանը չի հոսպիտալացվել, Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ Մերի Մարգարյանը 2015թ. հուլիսի 26-ին՝ կիրակի օրը, հոսպիտալացվել է. «Հուլիսի 24-ին, որը ուրբաթ օր էր, այո, Շուշանիկ Բախշյանը գտնվել է հիվանդանոցում: Մերի Մարգարյանը (ընդ որում, երբեք չեք լուսաբանում, որ Մերի Մարգարյանն ինքն էլ էր բժիշկ) եկել է հիվանդանոց՝ Շուշանիկ Բախշյանի մոտ՝ ասելով՝ ջերմություն եմ ունեցել, դրա համար եկել եմ: Լավ ես արել, որ եկել ես: Անցել է բոլոր անալիզները»:

Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ չի լուսաբանվում, որ Շուշանիկ Բախշյանը գինեկոլոգ է. «Նա սրտաբան չէ, թոքաբան չէ, արյան մասնագետ չէ: Նա գինեկոլոգ է»: Նրա խոսքով՝ բժշկուհին ուղարկել է նրան թոքաբանի մոտ, ռենտգեն հետազոտության. «թոքերից հասկացողն» ասել է, որ նա թոքերի, արյան խնդիր չունի, այս պահի դրությամբ տաքություն չունի. «Այս պահի դրությամբ ջերմություն չունի, այս պահի դրությամբ՝ հուլիսի 24-ի դրությամբ, արյան անալիզը հուշում է, որ ջերմության հիմք չկա: Ի՞նչ պիտի անի գինեկոլոգը»: Նա նշեց, որ մեղավորը պետք է պատժվի: «Գործը քննվում է արդեն 6-րդ ամիսը: Ես եմ հարցը տալիս, Շուշանիկն է այդ հարցը տալիս, ո՞վ է մեղավորը, բերեք դատենք,- ասաց նա՝ հավելելով,- Եթե Շուշանիկ Բախշյանն է լինելու օրինական մեղավորը, մենք խնդիր չունենք»:

Դիտարկմանը, որ հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ պետք է հնարավորինս շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով. Ալեքսանդր Սիրունյանն արձագանքեց, որ հուլիսի 27-ի առավոտյան «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ողջ անձնակազմը կեսարյան հատմամբ ծննդալուծման հարց է բարձրացրել. «Ի պատասխան դրա՝ անեսթեզիոլոգիայի ծառայության մասնագետներն ասել են՝ այս վիճակով (անալիզներ էին արել) ուղեղի հարց կա այստեղ, նևրոպաթոլոգի հարց կա, նարկոզ չենք կարող տալ»:

Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ միջնորդելու են լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն նշանակել՝ նշելով, որ գործը պետք է օբյեկտիվ քննվի. «Այս գործը պետք է օբյեկտիվ քննվի, որովհետև ի սկզբանե մեղավոր ենք գտել հասարակությունով: Եթե պիտի ֆեյսբուքով մարդ դատենք, կներեք, ինչո՞ւ ենք դատարան պահում: Առաջին օրվանից Շուշանի՞կ ենք նշանակել մեղավոր»: Նա նշեց, որ փորձաքննության եզրակացությունը թերություններ ունի: «Փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ Մերի Մարգարյանը մահացել է HELLP հիվանդությունից. մի հիվանդություն, որի բուժման համար նոբելյան մրցանակ են խոստանում արդեն տասնամյակներ: Հիվանդություն, որը որպես կանոն՝ առաջանում է հղիների մոտ՝ հղիության վերջին շրջանում, և ժամերի ընթացքում մարդը մահանում է: Դա հաստատվել է, որ մահացել է HELLP-ից: Ես ձեր հարցը շատ լավ հասկանում եմ, ամիսների ընթացքում տալիս եք՝ ինչո՞ւ չեն հոսպիտալացրել: Թողնենք Շուշանիկին: Բերեք մեր բանականությունը մի քիչ միացնենք: Մահացել է մի հիվանդությունից… Աստված հեռու պահի: Հոսպիտալացնեիր՝ մահանալու էր, չհոսպիտալացնեիր՝ մահանալու էր»:

Տեսանյութեր

Լրահոս