«Իրան-ԵՏՄ ազատ առևտրի գոտուց Հայաստանը կշահի». ՀՀ-ում Բելառուսի դեսպան

«ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ-Բելառուս առևտրաշրջանառությունը թվերով աճ է գրանցել»,-  այսօր հայ-բելառուսական գործարար հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրակը:

Դեսպանը նախ կատակեց, թե նման եղանակի դեպքում Երևանին չի բավարարում կոմունալ տեխնիկան, իսկ Բելառուսը կարող է առաջարկել նման տեխնիկա Հայաստանի մայրաքաղաքին:

Բելառուսի դեսպանը վստահություն հայտնեց, որ հանդիպման ընթացքում ծավալվող շփումները կլինեն բարենպաստ: Նա նաև գոհունակությամբ նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում նման երրորդ միջոցառումն է անկացվում Հայաստանի և Բելառուսի միջև, որոնց արդյունքները, իր իսկ գնահատմամբ, բավականին լավն են, քանի որ հայկական և բելառուսական շուկաները նման հանդիպումներից հետո լցվում են այս երկրների արտադրանքներով:

Դեսպանը նշեց, թե որ բելառուսական ապրանքանիշերն են ՀՀ-ում հաջողությամբ ներկայացված: Նա նաև ասաց, որ հայկական որոշ ապրանքներ ևս ներկայացված են բելառուսական շուկայում: Սակայն հույս հայտնեց, որ հայ-բելառուսական հետաքրքրությունների հավասարակշռությունը շուտով կվերականգնվի, չնայած այն բացասական դրսևորումների, որոնք անցյալ տարի տենդի նման ուղեկցել են երկու երկրներին արժույթային և նավթային շուկաներում: Սակայն, ըստ նրա, խնդիրները կհաղթահարվեն, իսկ հայ-բելառուսալկան հարաբերություններում հսկայական ներուժ կա, որը կարող է իրացվել և այդ ճանապարհն արդեն տեսանելի է ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո: «Հետագա տնտեսական աճի հնարավորություն եմ տեսնում, կոնկրետ կոոպերացիոն պրոյեկտների հնարավորություն, որոնք իրականցնելիս առաջին հերթին հաշվի կառնվի բելառուսցիների հետաքրքրությունը` ապրանք առաքել հայկական շուկա և ՀՀ գործոնը` մարդկային ու արտադրական ներուժ տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար, աշխատատեղերի ստեղծում, որը նաև սոցիալական ոլորտ է և ուղղվելու է երկրի բյուջեին»,- նման հույս հայտնեց դեսպանը:

Նազուրակը նշեց, որ հայ-բելառուսական առևտրաշրջանառության վրա հատուկ դերակատարություն ունի Եվրասիական տնտեսական միությունը: «Նոր պայմաններում մեր երկրների համար բացվել է 170 միլիոնանոց շուկան, եթե հաշվի առնենք, որ մեր միությունը ներառում է մի շարք առևտրային համաձայնագրեր երրորդ երկրների հետ, որի արդյունքում մեծանում է արտաքին շուկաներ գրավելու հնարավորությունը»,- նշեց նա:

«Հաճելի չէ, իհարկե, խոսել այն մասին, որ մեր միության առանձին երկրներ պատժամիջոցների տակ են, դա ամենաքաղաքակիրթ տարբերակը չէ, երբ մենք ապրում ենք լուսավոր 21-րդ դարում, բայց սա առիթ է մեր ներքին ներուժի բացահայտման համար»,- ասաց ՀՀ-ում Բելառուսի դեսպանը:

Խոսելով ԵՏՄ-ում Իրանի դերակատարման մասին, նա ասաց, որ մոտ են նրան, որպեսզի բանակցություններ վարվեն ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու պայմանագիր ստեղծելու նպատակով: «Եթե ողջամիտ ժամանակահատվածում նման որոշման հանգենք, ապա Հայաստանը, որպես Իրանի հարևան երկիր, լինելու է շատ հարմար աշխարհագրական դիրքում: Բայց դրանից Բելառուսը ևս օգուտ կունենա: Մյուս կողմից Բելառուսը գտնվելով Եվրոպայի կենտրոնում, կարող ներկայացնել Հայաստանին եվրոպական շուկայում, թեև Դուք ԵՄ-ի հետ ունենք GSP+ համաձայնագիր չափորոշչի ոլորտում»,- ասաց նա: Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ մեր պատրաստած տեսանյութի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս