Ադրբեջանն ու Հայաստանը մեր կազմակերպության անդամներն են, մենք պետք է գտնենք հակամարտության լուծումը. Անն Բրասեր

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրը այդ կազմակերպության նախագահի պաշտոնում իր վերջին մամլո ասուլիսն է տվել Անն Բրասերը, հայտնում է APA-ն:

Անդրադառնալով նրան, որ վաղը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում քննարկվելու է Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցը, Անն Բրասերն ասել է, որ վեհաժողովի բազմաթիվ պատգամավորներ ցանկություն են հայտնել այդ զեկույցը վերադարձնել ԵԽԽՎ-ի քաղաքական ու ժողովրդավարության հարցերով կոմիտեին:

Բրասերը չի բացառել, որ այսօրվա նիստում քննարկվելու է այդ հարցը: Անն Բրասերը հայտարարել է, որ նախապես չի ցանկանում հայտնել իր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ:

«Ադրբեջանն ու Հայաստանը մեր կազմակերպության անդամներն են, մենք պետք է գտնենք այդ հակամարտության լուծումը: Մարդիկ պետք է ապրեն խաղաղության ու համաձայնության մեջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ կարգավորենք այդ համակարտությունը: Բայց ո՞րն է ընդունելի ելքը: Դա ես ասել չեմ կարող: Եթե ես իմանայի, այս խնդիրը կարող էր լուծվել:

Պարզապես, այդ հարցի լուծմանը հարկավոր է մոտենալ բազմակողմանի, քանի որ այդ հակամարտության հետևանքով ամենից շատ տառապում են տարածաշրջանում ապրող մարդիկ: Նրանք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների քաղաքացիներ են, մենք պետք է նրանց պաշտպանենք: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ճանապարհով է հնարավոր հասնել հակամարտության կարգավորմանը, ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք գործել նույն ձևաչափով»,- հայտարարել է Բրասերը:

Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը:

Տեսանյութեր

Լրահոս