ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցն Ադրբեջան հետաձգվել է
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի այցն Ադրբեջան հետաձգվել է վերջինիս առողջական խնդիրների պատճառով: Այս մասին լրագրողներին հայտնել է Իլկա Կավերվայի տեղակալ Գեորգի Ծերեթելին, տեղեկացնում է contact.az-ը:
Կաներվայի այցն Ադրբեջան նախատեսված էր հունվարի 24-25-ը: Նրա փոխարեն Բաքու է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը ընդլայնված կազմով՝ նախագահի երկու տեղակալներն ու գլխավոր քարտուղարը:
«Այցի նպատակն է քննարկել ու լուծել գոյություն ունեցող խնդիրները, մասնավորապես ընտրությունների կազմակերպմանն առնչվող խնդիրները»,- լրագրողներին ասել է Ծերեթելին:
Նա հույս է հայտնել, որ երկու կողմերի ջանքերով կդրվի հարաբերությունների լավացման հիմնաքարը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրաժարվել էր մոնիթորինգ անցկացնել Ադրբեջանում 2015թ. նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Պատճառը Բաքվի կողմից ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի անդամների թվի սահմանափակումն էր:
Այսօր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: