«Ապիկար կառավարում է մեր երկրում». Արմեն Պողոսյան
«Արատավոր մեխանիզմ է դրված։ Մենք միշտ ասում ենք, որ պետք է մտցվի դիֆերենցված սակագին, այսինքն` շատ սենյակներ ունեցողն ավելի թանկ վճարի, իսկ մեկ սենյակ ունեցողը՝ ավելի էժան։ Այս առաջարկով հանդես եկել ենք նիստում, Նազարյանն ասաց՝ լավ առաջարկ է, կքննարկենք, բայց չքննարկեցին։ Հիմա, եթե մարդը 252 կվտ հոսանք է օգտագործում, ընկնում է ծուղակը, իսկ մեր առաջարկով այդպես չէր լինի»,- այսօրվա ասուլիսին նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի սոցիալական բյուջեն երկու անգամ մեծ է բանակի բյուջեից, բայց դա նպաստառուների վրա չի երևում. «Մենք տալիս ենք նպաստ, որը ստացողը պետք է բերի 72 փաստաթուղթ, իսկ բոլոր թղթերը կոռուպցիայի բուն են: Եթե այդ մարդուն ասում են, որ սպառել է 100 կվտ էներգիա, դա այդպես չէ, նա չի սպառել, պետք է պարզապես նրան էժան գնով տան էներգիան, լույսը, ջուրը, գազը: Սա պետք է անեն, ինչո՞ւ չեն անում»:
«Ո՞վ չգիտի, որ նավթի գինն աշխարհում էժանացել է մոտ հինգ անգամ։ Նավթն ու գազն իրար հետ կապված են, եթե նավթն էժանանում է՝ գազը չի կարող չէժանանալ: Իսկ ինչո՞ւ մեզ մոտ չի էժանանում: Ապիկար կառավարում է մեր երկրում»,- ասաց նա: