«Այն Ադրբեջանը, որ սկսել է այս խաղը, այլևս գոյություն չունի». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ԵԽ ԽՎ-ի երկու հակահայ զեկույցներին պետք չէ մեծ նշանակություն տալ: Ըստ նրա՝ դրանք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը կլինեն, և մնում են՝ որպես փաստաթուղթ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ հետաքրքիր էր Մինսկի խմբի արձագանքը, բայց քաղաքագետի կարծիքով՝ ավելի հետաքրքիր էր Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի հայտարարությանը.
«Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ հայտարարություններ ով ասես կարող է անել, բայց դրանով զբաղվում է Մինսկի խումբը»։
Քաղաքագետն ընդգծեց՝ ավելի կարևոր իրադարձություններ են կատարվում, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել, իսկ այդ զեկույցները, ըստ նրա՝ նման ուշադրության արժանի չեն.
«Ամենազավեշտալին երկրորդ զեկույցի անվանումն է` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: Զեկույցների պատրաստումն ադրբեջանական լոբբինգի արդյունք է»:
Քաղաքագետը վստահ է՝ զեկույցներն այս պահին կարևոր չեն ղարաբաղյան հարցի լուծման մասով: Ըստ նրա՝ մի կողմից՝ հնարավոր է ցանկացած աշխատանք ավելի լավ կազմակերպել, մյուս կողմից՝ շատ դժվար է ԵԽ ԽՎ-ի աշխատանքը փոխել.
«Շատ դժվար է աշխատել պայմաններում, որտեղ գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները տարբեր կերպ են վերաբերվում Հայաստանին»:
Ա. Իսկանդարյանը նշեց, որ շատ ավելի հետաքրքիր է ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկան՝ Ուկրաինայի մասով, որը, ըստ նրա՝ ավելի քան կապ ունի ղարաբաղյան կոնֆլիկտի հետ.
«Ղարաբաղյան կոնֆլիկտի վրա ուղիղ ազդեցություն ունի նաև սիրիական կոնֆլիկտը:
Ադրբեջանի հետ կատարվում են շատ լուրջ կառուցվածքային փոփոխություններ։ Այն Ադրբեջանը, որ սկսել է այս խաղը, այլևս գոյություն չունի։ Իսկ այն Ադրբեջանը, որ հիմա կա, չի կարող ավելի լուրջ քայլեր անել, քան նման հարթակներում հանդես գալը: Ադրբեջանը փորձում է պատերազմը շարունակել ոչ ռազմական միջոցներով։ Հիմա նա փորձում է օգտագործել Եվրամիության հարթակը»: