«Կարծում եմ՝ շարունակություն կլինի, միայն Գևորգով չեն սահմանափակվի». Ժիրայր Սէֆիլյան
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը կարծում է՝ Գևորգ Սաֆարյանին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով, և նրա դուրս գալն էլ լինելու է քաղաքական որոշում: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցի ընթացքում Ժ. Սէֆիլյանը հայտարարեց, որ բոլորի համար պարզ է, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի:
Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր առաջին ատյանի՝ որպես խափանման միջոց Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանք նշանակելու որոշման բողոքարկման հարցը:
«Դատավորը սպասում է հրամանի, որ կատարի վերևից եկած առաջադրանքը: Իսկ եթե այսօր նույնիսկ դրական արդյունք լիներ, դա դատարանի շնորհքը չէր լինի, այլ քաղաքական որոշում կլիներ: Գևորգին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով, դուրս գալն էլ լինելու է քաղաքական որոշում: Միաժամանակ համոզված եմ, որ իշխանությունները մինչ օրս Գևորգին բաց չթողնելու դիմաց շատ թանկ են վճարելու: Եթե այս հիմարները, այսինքն՝ այս համակարգը, կարծում են Հյուսիսային Կորեայի ռեսուրս ունեն, սխալվում են»,- հայտարարեց Ժ. Սէֆիլյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները՝ Գևորգին պահելով, Ժ. Սէֆիլյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ շարունակություն կլինի, միայն Գևորգով չեն սահմանափակվի: Ինչ-ինչ պատճառներով նրանք չկարողացան ձերբակալումները շարունակել: Թե ինչո՞ւ Գևորգը, պարզ է. Գևորգը երիտասարդների շրջանում սիմվոլ է, ինքը գլխավոր ոգևորողներից էր, դրա համար սկսեցին նրանից, եթե չվախեցող Գևորգին կարողանում են բռնել, իրենց կարծիքով՝ շատ երիտասարդներ զգույշ կլինեն, զուսպ կլինեն, չեն միանա դեկտեմբերի 1-ից սկսած շարժմանը, 30-ական թվականների գործելաոճ է, Սովետը գոյություն չունի, բայց ՊԱԿ-ը գործում է վերևում, նույնիսկ գործելաոճի փոփոխություն չկա»: