Աշոտ Գրիգորյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի «անօրեն» գործունեության համար դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին
ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ այն պահից սկսած, երբ լուր ստացվեց, որ հակահայ կեցվածքով հայտնի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան պատրաստվում է պայքարել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար և այդ առթիվ էլ մեծ թափով լծված է լոբինգային հանդիպումների և իր համար ցանկալի քվեարկության երաշխիքները ստանալուն ուղղված գործունեությամբ, ԵՀՄՖ Նախագահությունը անթաքույց անցավ գործի` տիկին Բոկովայի և նրա ընտանիքի անդամների կրիմինալ գործունեության մասին իր ձեռքի տակ ունեցած փաստերը շտապ կարգով ներկայացրեց ԵՀՄՖ Իրավական խմբին` հանձնարարելով ուսումնասիրել փաստերը և տալ եզրակացություն:
Կարճ ժամկետում ԵՀՄՖ Իրավական խումբն ավարտելով իր փաստահավաք ուսումնասիրությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի կոռուպցիոն և հակահայ գործունեության վերաբերյալ 2016 թվականի հունվարի սկզբին ծանրակշիռ փաթեթ ներկայացրեց ԵՀՄՖ Նախագահությանը: Այդ օրակարգով հրավիրված ԵՀՄՖ Նախագահության նիստին բարձր գնահատվեց հայ և օտարազգի իրավագետների կատարած աշխատանքը և որոշվեց ԵՀՄՖ նախագահի անունից նամակ հասցեագրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որտեղ մանրամասն ներկայացված կլինեն տիկին Բոկովայի և նրա ընտանիքի անդամների կողմից առձեռն շրջանառվող միլիոնավոր դոլարների հասնող “կոմերցիոն” գործարքները, ինչպես նաև նրա կողմից հովանավորյալ բարեկամների կրիմինալ գործունեությունը Բուլղարիայում:
Հիշեցնենք, որ 2006 թվականից սկսած չնայած հայկական բազմաթիվ կազմակերպությունների, որոնց թվում նաև ԵՀՄՖ Նախագահության կողմից արված ահազանգերին ադրբեջանական կառավարության կողմից հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականցվող մշակութային ցեղասպանության վերաբերյալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որևէ կանխարգելիչ քայլ չձեռնակվեց և արդյունքում այսօր ոչնչացված է Հին Ջուղայի հայկական գերեզմանոցը և մշակութային հազվագյուտ նմուշներ հանդիսացող 10.000-ից ավելի խաչքարեր:
Ստորև ներկայացնում ենք ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի նամակը ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն ՄԱԿ գլխավոր քարտուղար պարոն Բան Կի Մունին
Ձերդ Գերազանցություն
Կրկին անգամ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՄԱԿ-ի հովանու տակ գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նրա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի տխրահռչակ գործունեության մասին ԵՀՄՖ Իրավական խմբի փաստահավաք գործունեության արդյունքում ձեռք բերված փաստերը, որոնք ուսումնասիրելով ինքներդ էլ կհամոզվեք, թե ցավոք որքան տեղին էին իմ կողմից բազնաթիվ անգամ հչեցրած ահազանգերը տիկին Բոկովայի կողմնակալ, տեղ-տեղ էլ ցինիկ և երբեմն էլ՝ տրամաբանությունից դուրս կատարված քայլերի վերաբերյալ, որոնցով նա վարձահատույց էր լինում ալիևյան կլանից ստացված անձնական նվիրատվությունները: Ցավոք, նրան հաջողվեց երկար տարիներ մոլորեցնել ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ ադրբեջանական կառավարության կողմից իրականացված մշակութային ցեղասպանության հարցը բարձրաձայնելու խիստ հրատապ գործընթացից, քանի որ հանցագործությունը կոծկվեց իր ձևակերպմամբ “այն խորությամբ ուսումնասիրելու անհնարինության հետևանքով”:
Ձերդ Գերազանցություն
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի անունից բազմաթիվ անգամ դիմել եմ Ձեզ՝ ահազանգելով ալիևյան կլանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կաշառվածության մասին, սակայն իմ նամակները տարօրինակ կերպով հայտնվել են տիկին Բոկովայի սեղանին: Այսօր էլ արդեն նորից ահազանգ եմ հնչեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և նրա ընտանիքի անդամների կողմից առձեռն միլիոնավոր դոլարների շրջանառության մասին, սակայն այս անգամ ինքս եմ խնդրում Ձեզ, որպեսզի այս նամակին կից ներկայացված փաստերը դրվեն տիկին Բոկովայի սեղանին:
Ձերդ Գերազանցություն
ԵՀՄՖ բազմահազարանոց ներկայացուցիչների անունից հույս եմ հայտնում, որ այս անգամ ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումները կիրականացնեն ներքին հետաքննություն տիկին Բոկովայի անօրեն գործունեությանը վերաբերյալ` հիմք ընդունելով մեր կողմից բերված անհերքելի փաստերը և այնուհետ էլ ՄԱԿ-ի ղեկավարության կողմից կիրականցվի արդարացի որոշում` ընդհուպ մինչև քրեական գործ հարուցելուն և 10.000-ից ավելի հայկական խաչքարերի ոչնչացման փաստի կոծկումից ստացված ադրբեջանական նավթադոլարների բռնագանձման իրավական գործընթաց:
ԵՀՄՖ նախագահ Դոկ. Աշոտ Գրիգորյան