
ԴԱԻՇ-ի զինյալների տեսանյութը չի վախեցնի ֆրանսիացիներին. Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ տեսանյութը, որը հրապարակել են ԴԱԻՇ-ի զինյալները, չի ստիպի Ֆրանսիային հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարելուց, հայտնում է BBC-ն:
«Ոչ ոք չի վախեցնի մեզ, ոչ մի սպառնալիք չի կարող սասանել Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Օլանդը լրագրողներին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Տեսանյութը, որում ցուցադրվում են Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ մասնակիցները, տեղադրվել էր խմբավորման հեռուստաալիքներից մեկում:
Այսօրվա դրությամբ Փարիզի նոյեմբերի 13-ի հարձկումների 9 մասնակից սպանվել է, ևս 2-ի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ենթադրաբար, տեսանյութը նկարահանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքում Փարիզի ահաբեկչություններից առաջ, որը խլեց 130 մարդու կյանք:
Որոշ կադրերում ջիհադիստները գլխատում կամ գնդակահարում են պատանդներին տեսախցիկի առաջ:
Տեսանյութը կոչվում է «Սպանի´ր նրանց ամենուր, ուր կհանդիպես»: Այն ավարտվում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քվեարկության կադրերով, որը թույլ է տալիս թագավորական ռազմաօդային ուժերին ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին Սիրիայի տարածքում: