
Անցած տարի ևս Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ամփոփել է 2015 թվականին օդային ճանապարհով Հայաստանից մեկնած և ժամանած ուղևորների վիճակագրությունը: Պատկերը մխիթարող չէ՝ սալդոն բացասական է՝ անցած տարի ևս Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին, այսինքն՝ արտագաղթը շարունակվել է:
Ըստ վիճակագրության` Հայաստանի երկու` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից անցած տարվա ընթացքում մեկնել է 965 հազար 39 մարդ, ժամանել` 953 հազար 956-ը: Բացասական հաշվեկշիռը կազմել է 11 հազար 83 մարդ: Հիշեցնենք, որ սա միայն օդային ճանապարհով ուղևորափոխադրումների վիճակագրություն է, այնինչ ցամաքային ճանապարհով, հիմնականում դեպի Ռուսաստան, արտագաղթի ալիքը շատ ավելի մեծ է և ցուցանիշներն ավելի վատն են լինելու:
Հիշեցնենք, որ 2014թ. պաշտոնական տվյալներով՝ Հայաստանից անվերադարձ հեռացել է 47 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Ընդ որում՝ 2014 թ. համեմատ 2015-ին ընկել է օդային ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը՝ 8.5%-ով, մասնավորապես 2014-ին այդ ցուցանիշը եղել է 2 մլն 82 հազար 915 մարդ, իսկ 2015-ին՝ 1 մլն 918 հազար 995: