
Սթինգն ու Փիթեր Գաբրիելը հայտարարել են համատեղ շրջագայության մասին

Բրիտանացի երաժիշտներ Սթինգն ու Փիթեր Գաբրիելը հայտարարել են համատեղ շրջագայության մեկնելու մասին: Ինչպես հայտնում է Billboard-ը, այն կսկսվի 2016թ. հունիսի 21-ին Կոլամբուսում (Օհայո նահանգ) ու կընդգրկի ԱՄՆ-ի 19 քաղաք:
Նախագիծը կոչվում է «Քար, թուղթ, մկրատներ» (The Rock Paper Scissors), ինչն ակնարկ է այն մասին, թե ինչ եղանակով են համերգից առաջ ընտրվելու երաժիշտները՝ առաջին ու երկրորդ բաժիններում:
Երկու արտիստներն էլ նշվում են՝ որպես հեդլայներներ:
«Ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչ են նրանք անելու այդ շրջագայության ժամանակ, սակայն ինչ էլ որ անեն, դա լինելու է միանգամայն օրգանական ու հիանալի»,- ասել է շրջագայության պրոդյուսեր Արթուր Ֆոգելը:
Entertainment Weekly-ն ընդգծում է, որ հյուրախաղերի ժամանակ Գաբրիելի ու Սթինգի երաժիշտներն օգնելու են իրար առավել հայտնի հիթերի կատարման ժամանակ:
Փիթեր Գաբրիելը ճանաչում ձեռք բերեց 1970-ականներին Genesis պրոգ-ռոք խմբի կազմում: Նա 9 ստուդիական ալբոմի հեղինակ է: