
Դևիդ Բոուի երկրպագուները կոչ են արել արգելել Քանյե Ուեսթին՝ երգել նրա հիթերը

Հունվարի 10-ին քաղցկեղից մահացած բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուի երկրպագուները նախաձեռնել են բանաձև, որով կոչ են անում արգելել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին ձայնագրել նրա երգերի քավըր-տարբերակները:
Նախաձեռնությունը տեղադրվել է հունվարի 19-ին 38degrees հարթակում: Այս օրերին դրա տակ ստորագրել է գրեթե 6 հազար մարդ:
«Դևիդ Բոուին եղել է XX և XXI դարերի ամենանշանակալի երաժիշտներից մեկը: Սրբապղծություն է Քանյե Ուեսթին թույլատրել ավերել նրա ժառանգությունը»,- գրել են ուղերձի հեղինակները:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հունվարի 19-ին Ուեսթը հայտարարեց այն մասին, որ պատրաստվում է ձայնագրել տրիբյուտ-ալբոմ՝ նվիրված Բոուի հիշատակին:
Մասնավորապես, երգիչը մտադիր էր կատարել Changes, Heroes ու Rebel, Rebel երգերի սեփական վարկածները:
Պարբերականի անանուն աղբյուրները հայտնում են նաև, որ երգիչը պլանավորել է կարդալ իր ռեփ-տեքստերը Բոուի երաժշտության ներքո: