Բաժիններ՝

Որպես աջակցություն տրված դիզվառելիքի կեսը չի իրացվել

asparez.am-ը գրում է. Ամեն տարի որպես պետական աջակցություն համայնքներին տրամադրվում է դիզվառեիք, սերմացու ու պարարտանյութ: Լոռու մարզը 2015թ-ին 1.300.000 լիտր դիզվառելքի հայտ էր ներկայացրել: Որոշ համայքներում, սակայն, հողօգտագործողները հրաժարվել են դիզվառելիքից: Արդյունքում՝ մարզում հնարավոր է եղել իրացնել որպես աջակցություն հատկացրած դիզվառելիքի շուրջ 47 տոկոսը. 604.000 լիտր:

2016.-ի համար մարզը 1 մլն լիտր դիզվառելիք հայտ է ներկայացրել: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, սակայն, վստահ չէ, որ այդ չափով իրացում կլինի:

-Նախորդ տարի տեսանք, որ շուկայում դիզավառելիքի գինն ավելի էժան է, մեր ներկայացրած հայտը իմաստը կորցրեց եւ մենք շատ քիչ քանակությամբ դիզվառելիք իրացրինք,- նշեց մարզպետը, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին հանձնարարելով,- հիմա նոր գնային առաջարկներ կան: Գնային առաջարկը կնայեք: Եթե գները շուկայականի համամատ ավելի էժան կլինեն, նորից դիզվառելիքի հայտ կներկայացնեք: Իսկ եթե կտեսնեք, որ գինը շուկայականի համեմատ այդքան էլ հարմար չէ, բնականաբար, հայտ կներկայացնեք փոքր քանակի համար, որ այնպես չստացվի նախորդ տարվա նման համայնքները հայտը ներկայացնեն ու ներկայացրածի 10 տոկոսի չափով դիզվառելիք վերցնեն:

Նշելով, որ համայնքների ներկայացրած հայտերը պետք է հնարավորինս մոտ լինեն իրականությանը, մարզպետը կարեւորեց համայնքապետերի արդյունավետ աշխատանքն այս հարցում:

-Համայնքի ղեկավարը թիվ է գրում: Էդպես մեզ պետք չի: Թող գնան քննարկեն հողօգտագործողների հետ: Վերջիվերջո, այդ վառելիքը հողօգտագործողն է օգտագործելու: Ոչ թե գրասենյակում նստեն, թվեր գրեն սրա, նրա փոխարեն, այլ գնան էդ մարդկանց հետ քննարկեն, ասեն՝ ժողովուրդ ջան, կառավարությունը դիզվառելիքի նոր գին է առաջարկում, ուզո՞ւմ եք, թե՝ չեք ուզում: Ոչ թե նստեն, գրեն սրա, նրա փոխարեն, հետո էլ ասեն՝ գինը թանկ ա, չենք ուզում,- ասաց մարզպետը:

Վերջինս նաեւ փոխմարզպետներին հանձնարարեց հետեւողական լինել եւ համայնքներում անցկացվող արտագնա խորհրդակցությունների ժամանակ քննարկել նաեւ այս հարցը:

-Պետությունը նախնական գնում է անում, պետական բյուջեից գումար է հատկացնում, հետո մենք էդ դիզվառելիքը բերում ենք ու չենք կարողանում իրացնենք: Ի՞նչ, մտածված պետական բյուջեին վնաս ենք տալի՞ս,- ամփոփեց մարզպետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս