Աչքը թշնամուն, թիկունքում` սեր ու ջերմություն
hayzinvor.am-ը գրում է. Մխիթար Զաքարյան: Ծնվել է 1971թ. Ագարակ քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտ: Ունեցել է տարկետման իրավունք, սակայն 1993թ., իր դիմումի համաձայն, կամավոր մեկնել է ծառայության: 1993-94թթ. ծառայել է Կապանի մոտոհրաձգային բրիգադում: Մասնակցել է Հորադիզի, Կուբաթլուի, Զանգելանի ազատագրական մարտերին: Հայրենիքին իր պարտքը տալուց հետո շարունակել-ավարտել է ինստիտուտը և նշանակվել տարբեր պաշտոնների: Այնուհետև զբաղվել է մասնավոր բիզնեսով: Աշխատանքին զուգահեռ ավարտել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան, ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության», ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի կողմից «Վազգեն Սարգսյան» մեդալներով: Ամուսնացած է, ունի 4 երեխա` երկու աղջիկ, երկու տղա` Շահանե, Ատոմ, Արսեն, Աննա: 2008թ. Ագարակի քաղաքապետն է:
Մխիթար Զաքարյանի հետ զրույցն այնքան հետաքրքիր էր, որ հիմա գրիչը չդրած սպիտակ թղթին, հոգիս նորից բարձրանում է հայրենի լեռներ, որտեղ մեր մարտական հենակետերն են, ու որտեղից երևում են մեր պատմական բնակավայրերը, որոնց թվում նաև Ագուլիսը: Եվ Ագուլիսին փորձում եմ նայել Մխիթար Զաքարյանի աչքերով ու հոգով, որովհետև Ագուլիսը նրա նախնիների ծննդավայրն է, որոնք կոտորածից հետո իջել-հաստատվել են Կարճևանում: Իմ հայացքին ուղղություն են տալիս զինվորները, որոնք այնքան բարի, դրական խոսքեր են ասում նրա հասցեին, որ հայացքդ մի պահ հետ ես դարձնում ու ընդգրկում ողջ Արևիք գավառն ու Ագարակ քաղաքը: Այսինքն` ձևավորվում է մի կերպար, որի իրական տիրոջը դեռ չես հանդիպել:
Զրույցի ընթացքում փորձում եմ հիշել «Ազգասեր մտածողություն» արտահայտության հեղինակին` Րաֆֆի՞ն էր, Պատկանյա՞նը, Լեո՞ն, Մուրացա՞նը, թե՞ մեկ այլ մտավորական` չեմ գտնում: Համենայնդեպս հասկանում եմ, որ դրանք ասված են մի ժամանակ, երբ չենք ունեցել պետություն, պետականություն, երբ ապրել ենք մեր երբեմնի փառքով, և հասկանում ես, որ Ազգասեր մտածողությունը պետք է ընկալել այսպես` պետական մտածողություն: «Այսօր ամեն հայ իր կեցվածքում, բնութագրում, իր խոսքերի թիկունքում պետք է զգա պետության ու բանակի շունչը: Կողմ եմ երազանքի, սակայն դեմ եմ սին պատրանքների»,- ասում է նա:
-Պարոն Զաքարյան, Դուք ունեիք տարկետման իրավունք, սակայն պատերազմական օրերին կամավոր մեկնեցիք ծառայության, դարձաք հայոց նորաստեղծ բանակի առաջին զինվորներից: Ի՞նչ տվեց Ձեզ բանակը:
-Ծառայության երկու տարիները խորը հետք են թողնում երիտասարդի վրա: Բանակային մտածելակերպն ու աշխարհընկալումը շատ են ազդում հետագա ողջ գործունեության վրա: Նախ՝ բանակը ղեկավարի բնավորության մեջ ձևավորում է աստիճանակարգության արդյունավետության ընկալումը և երկրորդ` ողջ կյանքում բանակին գիտակցված մոտեցում: Հասկանում ես, որ բանակը դա մեր բժշկական փաստաթուղթն է, մենք «առողջ», այսինքն՝ պաշտպանված ենք այնքանով, որքանով առողջ և հզոր է մեր բանակը: Ես Աստծո նվեր եմ համարում, որ ապրում և ղեկավարում եմ այնպիսի մի բնակավայր, որը համարվում է Հայաստանի հարավարևելյան դարպասը: Մեր աչքի առաջ է զինվորականության ծառայությունը, նրանց ապրելակերպն ու առօրյան: Բանակը ստեղծվել է նվիրյալների նվիրումով, և եթե ամեն ոք իր ուժերի ներածին չափով կարողանա նյութապես, բարոյապես աջակից լինել, այնպես, որ զինվորականը իրեն գնահատված զգա, դա նույնպես պարգև է` հոգեկան բավարարվածություն:
Եվ գալով այն հարցին, թե ի՞նչ տվեց, ի՞նչ փոխեց ծառայությունը իմ կյանքում` պատասխանեմ Վ. Սարգսյանի խոսքերով՝ կատարեցինք մեր պարտքը և ձեռք բերեցինք հպարտություն: Եվ դա օգնում է թե՛ աշխարհընկալման, թե՛ ինքնագնահատանքի մեջ: Հպարտ եմ, որ ներկան ու մասնակիցն եմ մի ժամանակաշրջանի, որի ընթացքում մեր պետականության առաջին և երկրորդ հանրապետությունների տարածքն ընդարձակվեց:
-Հանդիպո՞ւմ եք պատերազմական օրերի ձեր զինվոր ընկերներին:
-Այո՛, հանդիպում ենք, վերհիշում պատերազմական օրերը, մեր զոհված ընկերներին: Ես մինչ օրս կապը պահում եմ Հորադիզի իմ դիրքի հետ: Այդ դիրքը` Գանձասար, Արաքսի ափին է, մենք ենք մեր ձեռքով կառուցել: Անցել է 20-ից ավելի տարիներ և ամեն այցելությունից հետո այնպես է թվում, թե ոչինչ չի փոխվել կամ էլ այնքան շատ բան է փոխվել: Ամեն այցելություն ուխտագնացություն է իմ զոհված և ապրող ընկերների հոգիներին: Այնտեղ հիմա ծառայող մեր զինվորները ոգևորությամբ են լսում հայոց բանակի առաջին զինվորների մասին պատմող իրական հերոսապատումները: Կամոքն Աստծո` 2016-ին որոշել ենք այնտեղ հիշատակի խաչքար տեղադրել:
Այս տարի նշվեց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը, ամեն ինչ կազմակերպվել էր: Ուշադրությունս գրավեց մի առաջարկ` մեկը կոչ էր անում ի հիշատակ մեր անմեղ զոհերի՝ ապահովել 1,5 մլն ծնունդ կամ գոնե 150.000: Դրանից մեծ պատասխան մեր թշնամիներին չի կարող լինել, որովհետև այսօր ամենավատն այն է, որ պակասում է ազգի քանակը: Եվ նորից խոսքս ուզում եմ ուղղել մեր բանակին, մեր երիտասարդ սպաներին: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ զինվորականների ընտանիքներում կանայք շատ ուժեղ են, նրանք ամենաքիչը երեք երեխա են ունենում, չնայած միշտ տեղից տեղ են տեղափոխվում, վարձով ապրում, օգնող չունեն, բայց զինվոր են ծնում ազգի համար, որովհետև հայ մայրերին բնորոշ իրենց ներքին բնազդով գիտակցում են, թե ինչ կարևոր գործ են կատարում: Ուրախալի է այն փաստը, որ պաշտպանության նախարարությունը 2015թ. Ագարակում երկու բնակելի շենք հանձնեց շահագործման և նախարարի կողմից տրվեց նաև երրորդ շենքի կառուցման հանձնարարություն:
-Ժողովրդական ասացվածք կա. «Մեղրին բարկ թոնիր է, ով փորձի այնտեղ մտնել չար մտքով` կայրվի»:
-Պատմության ընթացքում շատ են եղել բախտորոշ, ճակատագրական օրեր, երբ չարի ժանիքները փշրվել են արևախանձ մեր ժայռերին, ավելի ճիշտ` փշրել են: Գուցե մի քիչ ոչ սովորական միտք ասեմ, սակայն ես այդպես եմ մտածում` մենք սիրում ենք բոլոր ժամանակներում եղած հերոսականը, մնայունը վերագրել անհատի, անհատների: Գուցե դրանից է նաև, որ մեզ կոչել են անհատների ազգ: Մեր հերոս-անհատների փառքն ու հայրենասիրությունը անցնում են դարեդար, անցնում հետագա սերունդներին, սակայն այդ ճանապարհին ժամանա՞կը, թե՞ մենք, մոռացության ենք տալիս անուններ, որոնք իրենց հերոսություններով հարստացրել են մեր պատմության, մեր Անհատների ճակատագրերը: Հեղափոխությունից հետո, երբ Կաքավաբերդի ճակատով թշնամին՝ օսմանցի թուրքն էր գալիս, իսկ Շվանիձորի կողմից 11-րդ բանակը, որտեղ հիմնականում մուսավաթականներ էին, մեր նախնիները ձուլված այդ ժայռերին կռվում էին: Ես հպարտ եմ, որ իմ նախնիների կռվելու ոգին եղել է` այդքան շատ չեն ընկել բարոյական հաղթանակի հետևից և հասկացել են, որ զենքով է փրկությունը, և ինչպես հին սպարտացիներն էին ասում. «Եթե սուրդ կարճ է` մեկ քայլ էլ մոտեցիր թշնամուդ»:
Հիմա էլ բարձունքներ կան, որտեղ կանգնած են մեր զինվորները, նրանց անուններով դիրքեր կան` Թադևոսի (Համբարձումյան): Թադևոսը եղել է ազատատենչ, հերոս հայորդի, որը բազում անգամ, դեռ մինչև Նժդեհի Սյունիք գալը միայնակ կռվել-ոչնչացրել է թշնամու ջոկատներ:
Եվ հենց այստեղ երևում է Գարեգին Նժդեհի մեծությունը, նրա զորավարական ձիրքը. նա կարողացավ այդ հերոսներին հավատ ներշնչել, միավորել: Ներուժը կար, հերոսները կային, ինչպես Մոնթեն Մարտունիում է: Եթե ինչպես Նժդեհին, այնպես էլ Մոնթեին տեղի ներուժը չընդուներ` ամեն ինչ այլ կերպ կընթանար:
-Մարտական հենակետերում զինվորները սիրով էին խոսում ձեր մշտական օգնությունների, ինչպես նաև այն մասին, որ Դուք ամեն տարի մի ցուլ եք մատաղ անում և բաժանում հենակետերում կանգնած զինվորներին:
-Ինչպես բոլոր հայ տղամարդիկ, երազում էի արու զավակ ունենալ: Երդվել էի՝ երբ ծնվի, 7 տարի պետք է մատաղ անեմ: 13 տարի անց ծնվեց որդիս և ես կատարում եմ Աստծուն տված իմ խոստումը: Երազում եմ այն օրը, երբ որդիս կկատարի իր պարտքը հայրենիքի հանդեպ: Իմ աշխարհընկալումն այն է, որ հայրենիքին չտված պարտքի սինդրոմը հետագայում վատ դրսևորումներ է ստանում: Մատաղը բաժանելիս զգում եմ, որ զինվորներն իրենց լավ են զգում, սակայն իմ զգացողությունն աննկարագրելի է: Անկեղծ ասած, չեմ սիրում այս մասին խոսել, նկարել այդ արարողությունը, քանի որ իրականը շոուից կարող է չտարբերվել:
Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, ովքեր մասնակցել են կռվին, վերքեր ունեն, սակայն ոչ մի անգամ այդ մասին չեն խոսել: Ես հասկանում եմ նրանց` եթե հայրենիքդ վտանգի մեջ է, պիտի գնաս ու կռվես: Ես զգում եմ տարբերությունը ծառայած և չծառայած մարդկանց միջև: Կգա ժամանակ, որ հասարակության մեջ շատ կլինեն սահմաններում ծառայած մարդիկ, և մենք կունենանք ուրիշ հասարակություն: Կ. Սեդրակյանի նման հրամանատար ունենալը հպարտություն է: Նրա նվիրվածությունը, եռանդը ինձ ոգևորում է: Ու երբ հոգնած եմ լինում` ինքս ինձ հարց եմ տալիս` բա մեր հրամանատարը, մեր սպաները չե՞ն հոգնում:
-Ինչպե՞ս կբնորոշեք ագարակցուն:
-Ագարակը հսկա հանքարդյունաբերական ձեռնարկություն է` տարածաշրջանում ինժեներատեխնիկական, բանվորական մեծ ներուժով: Առաջինը երկրաբաններն են եկել Ագարակ, այնուհետև Մեղրիի, Հայաստանի տարբեր բնակավայրերից, ինչպես նաև Ղարաբաղից: Դեռ իմ դպրոցական տարիներից ես զգացել եմ տեղային մտածողությունը, տարբերակումը-բաժանումը: Եվ զգացել եմ դրա վնասարարությունը. կարճևանցի, սիսիանցի, շվանիձորցի, մեղրեցի` իսկ ո՞ւր էր ագարակցին: Եվ իմ պաշտոնավարման տարիներին մեծ ուշադրություն եմ դարձրել այդ հարցին: Այսօր ամբողջովին լուծված է այդ խնդիրը: Եվ ագարակցուն ես կբնորոշեմ այսպես` հյուրասեր, աշխատասեր, ամեն ինչին շուտ հավատացող, լավատես ու հայրենասեր: Սյունիքում, ինչպես և Ագարակում, ամեն տեղ գերիշխում է հայրենասիրությունը: Դա երևում է հատկապես ճակատագրական պահերին: Մեր հողը արտասովոր ձգողականություն ունի, սիրում է իր տիրոջը, որտեղ էլ լինեն իր որդիները` նա կարոտի կանչ է արթնացնում:
Ագարակում ապրում են երիտասարդ սպաներ, բարձր ինտելեկտով ծառայողներ: Կուլտուրայի բազմազանությունը հարստացնում է քաղաքը` հրաշալի վիճակում է արվեստի դպրոցը: Ջութակի, պարի, նկարչության և այլ խմբեր են հաճախում 210 երեխա: Վերանորոգված է մշակույթի պալատը: Իմ նախաձեռնությամբ ստեղծվել է ըմբշամարտի խումբ, որտեղ հաճախում է 65 պատանի: Երևանից հրավիրել եմ ՀՀ սպորտի վաստակավոր մարզիչ, ազատ ոճի ըմբշամարտիկ Յուրի Ավետիսյանին: Ես համարում եմ սա մեծ ձեռքբերում` պարապած տղան միջինից բարձր զինվոր է լինում: Իսկ ընդհանրապես նպատակը օլիմպիական կամ աշխարհի չեմպիոն ունենալն է: Մարզիկի նպատակը չեմպիոն դառնալը պետք է լինի: Վստահ եմ, որ այդ ճանապարհին նա լավ մարդ կդառնա, լավ հայր, լավ հայ:
Հիմա առաջին ծրագիրը միջազգային չափանիշներով մարզադպրոց ունենալն է: Բացի նրանից, որ ունենք զորամաս, կոմբինատ, Ագարակը կլինի նաև ըմբշամարտի կենտրոն: Ես հավատում եմ, որ այդպես կլինի: Այդպիսի հավատով և ջերմեռանդությամբ է անցկացնում պարապմունքները նաև գլխավոր մարզիչը: Ըմբշամարտի դպրոցը, կարծում եմ, մի նոր էջ է բացում Ագարակ քաղաքի կյանքում: Այն գործում է արդեն երկու տարի: Ամիսը մեկ անգամ մրցումների ենք մասնակցել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Գոհ ենք արդյունքներից: Ի դեպ, ուզում եմ գոհունակության, շնորհակալական խոսքեր ուղղել Իրանի դեսպանին, որը ամեն կերպ օժանդակում է (մուտքի արտոնագիր, հետաքրքիր ծրագիր, եղանք Սուրբ Ստեփանոս և Ջուլֆայի հայկական եկեղեցիներում և տեսնելով այն խնամքը, վերանորոգումը` հարգանքով և երախտագիտությամբ լցվեցինք մեր դարավոր հարևանների նկատմամբ):
-Ձեր առաջարկությունները, ցանկությունները:
-Ամենակարևորը` սահմանամերձ բոլոր համայնքների ղեկավարները, պետական պաշտոնյաները պետք է պարտադիր լինեն զինապարտ: Թիկունքը` թիկունք, սակայն սահմանային բնակավայրերի ղեկավարները կրկնում եմ՝ պետք է լինեն զինապարտ: Մեր ժողովուրդը իր հող ու ջրին կառչած է արմատներով: Վահրավար փոքրիկ գյուղում, որտեղ ձմռանը 5-6 ընտանիք է ապրում, աննկարագրելի իրարանցում, աշխուժություն է տիրում, երբ սահմաններում կրակոցներ են լինում: Տեսնել է պետք, թե ինչպես են նրանք համախմբվում, զինվում, ջոկատ կազմում և պատրաստվում մարտի: Եվ նրանց խոսքը այս է. «Ինչ լինելու է, թող շուտ լինի, որ էրեխեքին փայ չմնա»:
Իսկ ցանկությունս խաղաղությունն է` ցանկանում ես խաղաղություն` պատրաստվիր պատերազմի, և եթե խաղաղությունը քոնն է` միշտ պատրաստ կլինես պատերազմի:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր