Ամփոփվել են հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները

Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015 թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը:

Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, հասարակական կազմակերպությունների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության ամրապնդման ուղղությամբ միասնաբար տարվող աշխատանքները տարեցտարի տալիս են իրենց դրական արդյունքը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ` տարիների համատեղ ջանքերի արդյունքն այսօր նկատվում է ոչ միայն բանակում հանցավոր երևույթների և ոչ կանոնադրային հարաբերությունների նվազման տեսքով, այլև հակառակորդի հետ շփման գծում, ուր վերջին երկու տարիներին տիրում է զինադադարի հաստատումից հետո նախադեպը չունեցող լարվածություն: Ըստ Սեյրան Օհանյանի՝ աճող սերնդին ճիշտ արժեհամակարգով դաստիարակելուն ուղղված ջանքերը, զուգորդվելով մարտական ուսուցման հետ, տվել են հրաշալի արդյունք, որի առհավատչյան են Հայաստանի ու Արցախի ամուր պաշտպանված սահմանները:

Հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2015 թվականին իրականացված միջոցառումների, առկա բացթողումների և առաջիկա անելիքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Զեկույցում ընդգծվել է, որ սահմանային լարվածությունը և հակառակորդի հետ պարբերաբար բախումներն ազդակ են գիտակցելու համար, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է կրկնապատկել ու համախմբել բոլոր ուժերը զինված ուժերի մարտունակությունը կատարելագործելու համար, որի նախապայմանը կարգապահ և պետության օրինակելի քաղաքացու գիտակցությամբ զինվոր ունենալն է:

2015 թվականին ՊՆ կողմից իրականացվել են բազմաթիվ թիրախային միջոցառումներ և ծրագրեր շահագրիգիռ գերատեսչական կառույցների, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների հետ: Կազմակերպվել են հոբելյանական միջոցառումներ, հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցների և ԲՈՒՀ-երի կողմից հայրենասիրական նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Զեկույցում նշվել է, որ չնայած արձանագրված ոգևորիչ և հուսադրող հաջողությունների` դեռևս կան խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է նոր մոտեցումներ և մեթոդներ, ինչն էլ ենթադրում է գործակցության նոր ձևաչափերի հաստատում:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների պատասխանատուներ: Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված քայլերը, ամփոփել են նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշադրություն է հրավիրել 2016 թվականին հայրենասիրական դաստիարակության ոլորտում համատեղ անելիքների և աշխատանքային առաջնահերթ ուղղությունների վրա:

Հանդիպման ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացել են գերատեսչական պարգևների, պատվոգրերի և նվերների:

Տեսանյութեր

Լրահոս