Երթի մասնակիցներին չբավարարեց Աշոտ Ահարոնյանի պարզաբանումները. Նրանք շարժվում են դեպի գլխավոր Դատախազություն
Քիչ առաջ Ազատության հրապարակից ի պաշտպանություն «քաղբանտարկյալների» երթը հասավ Ոստիկանության կենտրոնական գրասենյակ: Երթի մասնակիցների հետ հանդիպման եկավ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ակտիվիստները հետաքրքրվեցին՝ արդյոք ոստիկան Գեղամ Խաչատրյանը պատժվելո՞ւ է և նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսվելո՞ւ է:
Ի պատասխան՝ Ա. Ահարոնյանն ասաց, որ քանի որ նախաքննության մարմինն արդեն քննում է այդ հարցը, իրենք նույն հարցը չեն կարող քննել: Հարցին՝ ինչո՞ւ Գեղամ Խաչատրյանին չեն ձերբակալել, Գևորգ Սաֆարյանին են ձերբակալվել, Ա. Ահարոյանը պատասխանեց, որ Ոստիկանութունը միջամտելու իրավասություն չունի, դա որոշում է նախաքննական մարմինը. «Տվյալ ոստիկանի գործողությունների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Ձեր հարցերը վերաբերվում են ոչ ոստիկանությանը»:
Ոստիկանության լրատվության վարչության պետի գնալուց հետո ակտիվիտսները հայտարարեցին, որ իրենց չբավարարեց նրա պատասխանները: Ակտիվիտսները չեն հավատում, որ ի վերջո այս հարցը լուծում կստանա, և Գ. Խաչատրյանին կզրկեն ծառայողական լիազորություններից:
Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը ակտիվիստներին ասաց, որ ինքը տեղեկություն ունի, որ ակտիվիստները պատրաստվում են միտումնավոր փողոց փակել, ակտիվիստներն էլ ասացին, որ դա սխալ տեղեկություն է: Այժմ երթը շարժվում է դեպի գլխավոր Դատախազություն:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Ամանորի գիշերը «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, որի արդյունքում 3 անձ բերման էր ենթարկվել՝ այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը: Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: