«Շուտով ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ իշխանությունների հետ կքննարկի ԵՄ հնարավոր աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը». Սվիտալսկի
«ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրոպական միության հնարավոր դերակատարությանը:
Հիշեցնենք, որ Հունվարի 21-ին Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը և Լևոն Դոխոլյանը։
Քննարկումներ էին ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի նախագահությամբ, տեղի էր ունեցել մտքերի փոխանակություն օրակարգային խնդիրների շուրջ, և հայաստանյան պատվիրակության անդամները պատասխանել են Եվրախորհրդարանի պատգամավորներին հուզող հարցերին: Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել էր համատեղ եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ:
Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել էր, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է եւ այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձևերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Հարցին, թե այս հայտարարությունն ուղղված էր նաև ԵԽԽՎ-ի՞ն, որի նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական բանաձև է ընդգրկվել, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, թե չի կարող մեկնաբանել խորհրդարանականների դիրքորոշումը և հայտարարությունը:
«Այն, ինչ կարող եմ կրկնել հետևյալն է, որ ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Ես կարող եմ տեղեկացնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասւոմ ժամանելու է Հայաստան հաջորդ շաբաթ ՀՀ նախագահի և իշխանությունների հետ քննարկելու ԵՄ-ի հնարավոր աջակցությունը ԼՂ հակամարտությանը: Կարծում եմ` ամենալավ եղանակը խաղաղություն ապահովել Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին լիարժեք աջակցություն ցուցաբերելն է»,- նշեց Պյոտր Սվիտալսկին: