ԵԽ-ն հավանության է արժանացրել Ուկրաինայի ու Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու որոշմանը
Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որում պատգամավորները, որպես լավ օրինակ են մատնանշել 2014 թվականի ապրիլից գործող առանց վիզայի ռեժիմը Մոլդովայի քաղաքացիների համարու հույս են հայտնել, որ նման ռեժիմ անհապաղ կտրամադրվի Ուկրաինային ու Վրաստանին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Եվրոպական խորհրդարանը դրական է գնահատել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի առաջին քայլերը ԵՄ-ի հետ ազատ առևտրի ու ասոցացման մասին համաձայնագրի կատարման մասին:
Սակայն, ինչպես նշվում է փաստաթղթում, այդ երկրների կառավարությունները դեռ շատ բան պետք է անեն քաղաքական ու տնտեսական բարեփոխումների ճանապարհին, որը նրանց կմոտեցնի եվրոպական չափանիշներին ու չափորոշիչներին:
Եվրոպական խորհրդարանը մատնանշում է, որ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հաջողությունը ԵՄ-ի չափանիշներին մոտենալուն, կախված է «բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ կայուն քաղաքական իրավիճակից, ռազմավարական մտածողությունից, բարեփոխումների կոնկրետ պլանավորումից ու միջազգային ֆինանսական ու տեխնիկական աջակցության խելամիտ օգտագործումից»:
Փաստաթղթում առանձին-առանձին ներկայացված են երեք երկրներից յուրաքանչյուրի թերությունները, որոնք վերաբերում են քաղաքական անկայունությանը, կոռուպցիայի բարձր մակարդակին, դատական բարեփոխումների դանդաղմանն ու ԶԼՄ-ների ազատության ու բազմակարծության ցածր մակարդակին: