ՄԻԵԴ վճռով Հայաստանը քաղաքացուն կփոխհատուցի 3600 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Դատարան արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտում և Հայաստանին պարտավորեցրել 3600 եվրո վճարել՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Դիմումատուն ծնվել է 1948թ. և ապրել Երևանում: Նա գործազուրկ է եղել: 1991թ. հոկտեմբերի 10-ին նրան բնակարան է հատկացվել Կանազի ալյումինի գործարանի կողմից կառուցվելիք շենքում: Շենքի հիմքը կառուցվել է, սակայն Խորհրդային Միությունը փլուզվել է, իսկ շենքի կառուցման աշխատանքները՝ դադարեցվել: Ընկերությունը սնանկացել է, ստեղծվել է հանձնաժողով: 2007թ. մայիսի 8-ին դիմել է հանձնաժողովին՝ իրեն բնակարան հատկացնելու կամ փոխհատուցում ստանալու պահանջով: 2007թ. մայիսի 10-ին հանձնաժողովը մերժել է պահանջը՝ հիմնավորելով, որ շենքը, որի մի բնակարանը պետք է հատկացվեր դիմումատուին, չի կառուցվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: 2007թ. հունիսին դիմումատուն դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով գործարանին պարտավորեցնել իրեն բնակարան հատկացնել կամ փոխհատուցում տրամադրել: 2007թ. հուլիսին ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պահանջը նույն հիմնավորմամբ: Դատարանը գտել է նաև, որ գործարանը սնանկ է ճանաչվել և իրավահաջորդ չունի: Դիմումատուն բողոքարկել է այս որոշումը, սակայն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Դիմումատուն որոշումը վճռաբեկ դատարան չի բողոքարկել: Նա պնդում է, որ դա անել չի կարողացել, քանի որ ի վիճակի չի եղել փաստաբան վարձել, մինչդեռ դրա ծախսը բավական մեծ է եղել: Նա նշում է նաև, որ դիմել է տարբեր իրավաբանների՝ իրեն ծառայություններ մատուցելու համար: Նրա խնդրանքը մերժվել է այն հիմքով, որ բնակարանի և նման վեճերի համար իրավաբանական օգնությունն անհասանելի է:

Դիմումատուն բողոքել է, որ արդար դատաքննության իր իրավունքը խախտվել է՝ նշելով, որ հնարավորություն չի ունեցել բողոք բերել վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

 

Տեսանյութեր

Լրահոս