Բաժիններ՝

Ազգային պատկերասրահի տնօրենը գլխավոր ֆոնդապահին մեղադրում է գողության մե՞ջ

Երեկ Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում անդրադառնալով երկրի գլխավոր մշակութային օջախի առջև ծառացած մի շարք խնդիրներին, Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ու ասուլիսի մասնակից բանախոս՝ պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանն անդրադառնալով լրագրողներից մեկի հնչեցրած հարցին, թե կա՞ արդյոք հստակ վիճակագրություն այն մասին, թե տարբեր տարիներին այս կամ այն պայմաններում թանգարանից գողացված քանի՞ ցուցանմուշ կա, թանգարանի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ ինքն այս թեմայով լավատեղյակ չէ, գիտի միայն, որ քննության ընթացքի մեջ են մի քանի քրեական գործեր:

Նա հավելեց, որ անվտանգության տեսակետից թանգարանը տեխնիկապես վերազինման կարիք ունի, և իրենք պատրաստվում են կառույցի ներսում՝ ֆոնդերում և միջանցքներում, տեղադրել շուրջ 120 տեսախցիկ, որոնց առկայությունը կարող է վերահսկել և կանխարգելիչ դեր ունենալ նման միջադեպերի հետագա բացառման համար:

Առնվազն խիստ զարմանալի էր, որ Ազգային պատկերասրահի համեմատաբար նորանշանակ տնօրենն իր խոսքը հնարավորինս պատկերավոր դարձնելու համար օրինակը բերեց՝ ո´չ ավել, ո´չ պակաս, թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Ազգային պատկերասրահի երկար տարիների վաստակաշատ աշխատակից Վեհանուշ Փունարջյանի անձը մատնացույց անելով.

«Ա´յ, օրինակ, եթե մեր թանգարանի գլխավոր ֆոնդապահը ցանկանա ֆոնդից գողություն անել, ապա տեսախցիկները կֆիքսեն, և մենք կիմանաք, թե ով է եղել գողը»: Արդարության դեմ չմեղանչելու համար պարոն Ծատուրյանն այնուամենայնիվ նշեց, որ սա կատակ էր՝ թեթևացնելու ասուլիսի ընթացքում ստեղծված ծանր մթնոլորտը, բայց այստեղ է, երևի, որ ակամա միտքդ է գալիս ժողովրդական հայտնի խոսքն այն մասին, որ ցանկացած կատակի ուղիղ կեսը լուրջ է…

Ինչևէ, Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահը մի պահ անակնկալի եկած, զարմացած հայացքով նայեց տնօրեն Ա. Ծատուրյանի ուղղությամբ, ու, ամենայն հավանականությամբ, չկարողանալով զսպել սեփական անձի նկատմամբ հրապարակային նվաստացումը, լրագրողների ներկայությամբ Ա. Ծատուրյանին շնորհակալություն հայտնեց, որ այնուամենայնիվ առիթ ունեցավ լսելու, թե ի՞նչ է տնօրենն իրականում մտածում իր մասին:

Այնուհետև Վ. Փունարջյանն անմիջապես անդրադարձավ լրագրողի հնչեցրած հարցին՝ պարզաբանելով իրականությունը:

«Ընդհանուր առմամբ, Պատկերասրահի գոյության ընթացքում այստեղից այս կամ այն կերպով անհետացել է թվով ընդամենը 164 թանգարանային նմուշ: Դրանք հիմնականում անհետացել են կամ ցուցադրությունից, կամ այլ թանգարանային ցուցանմուշներն այլ կառույցներում ժամանակավոր ցուցադրությունների տեղափոխության ընթացքում:

Մեզ համար շատ ցավալի միջադեպ էր, երբ 2011 թվականին մեր քանդակների պահոցից միանգամից մի քանի թանգարանային նմուշներ անհետացան: Մենք այդ մասին անմիջապես համապատասխան հաղորդագրություն ուղարկեցինք իրավապահներին: Պետք է ասել, որ մինչ այսօր քննության ընթացքում հայտնաբերվել են միայն 4 քանդակներ, որոնք առգրավվել և հետ են վերադարձվել թանգարանի քանդակների պահոց: Մնացած դեպքերը դեռ բացահայտված չեն և գտնվում են քննության ընթացքում»,- ասաց Պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վ. Փունարջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս