«Ո՞վ է Ադրբեջանը, որ ամեն ինչ կարողանա անել». Վլադիմիր Կարապետյան
«Հայկական պատվիրակության աշխատանքի արդյունավետությունը կերևա ԵԽ ԽՎ նստաշրջանում բանաձևերի քվեարկությունից հետո: Դրան հակազդելու մեխանիզմներն ակնհայտ են՝ կա երկու ուղղություն՝ մեկը մեր պաշտոնական դիվանագիտությունն է՝ ԱԳՆ-ն, դեսպանություններ, որոնք պետք է հիմա ակտիվ հանդիպումներ նախաձեռնած լինեին, և, վստահ եմ, որ անում են պատվիրակների հետ՝ հորդորելով քվեարկել համապատասխան ձևով: Եվ երկրորդը՝ կուսակցական դիվանագիտությունն է: Ես կարծում եմ, որ այսօր դա ավելի կարևոր է, և պետք է որ ԵԺԿ անդամ հայկական կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, հորդորեն իրենց կուսակիցներին՝ դեմ քվեարկել այս բանաձևին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ խոսելով հունվարի 25-29-ը կայանալիք ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված 2 հակահայկական զեկույցների մասին՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագրերով:
Ըստ նրա՝ ամոթալի է ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության որոշ անդամների կեցվածքը, որ սեփական ձախողումը վերագրում են Ադրբեջանին: Վ.Կարապետյանի խոսքով՝ Վեհաժողովում 600 պատգամավոր կա, և, եթե մի մասի վրա Ադրբեջանն է ազդել, ենթադրենք՝ 100 հոգու գնել է, ապա մնացած 500-ի վրա ի՞նչն է ազդում: Նա հիշեցրեց, որ անցած ամռանն Ադրբեջանն ուզում էր Հայաստանին ճանաչել ագրեսոր, բայց չստացվեց. «Հենց Լևոն Զուրաբյանի ակտիվ աշխատանքի շնորհիվ Եվրոպական կուսակցության ակտիվի հետ մենք կարողացանք կանխել: Նույնն էլ հիմա պետք է ԵԺԿ անդամ կուսակիցներն անեն, և պետք չի ներկայացնել, թե Ադրբեջանն ամեն ինչ կարող է անել: Ո՞վ է Ադրբեջանը, որ ամեն ինչ կարողանա անել, ո՛չ հեղինակություն ունի, ո՛չ էլ: Նրանք իրենք իրենց թուլությունն են ընդգծում, այն, որ իրենք հեղինակություն չունեն, որովհետև շատ մեծ ընդդիմություն կա ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի նման վարվելակերպի վերաբերյալ, շատ մեծ դժգոհություն կա, և պետք է համախմբվել հենց այդ մարդկանց հետ, ոչ թե դժգոհել, որ մի քանիսը ծախվել են Ադրբեջանին»:
Թե տեխնիկապես ո՞րն ավելի արդյունավետ կլինի՝ բանաձևերին դե՞մ քվեարկել, թե՞ դրանք փոփոխել, Վ.Կարապետյանի կարծիքով՝ ավելի դյուրին կլինի հորդորել պարզապես դեմ քվեարկել, քան պայքար մղել ամեն տողի համար՝ հաշվի առնելով, որ այդ հակահայ տողերը շատ-շատ են:
Ռուսական կողմի բացակայությունը ԵԽ ԽՎ նիստերից Վ.Կարապետյանն էական չի համարում: Նա նշեց, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, իսկ ԵԺԿ-ն ունի շուրջ 300 պատվիրակ. «Թող աշխատեն, առանց ռուսների էլ հանգիստ կարող են այդ հարցը լուծել, Սերժ Սարգսյանն էլ ակտիվ մասնակցում է ԵԺԿ բոլոր գագաթաժողովներին: Այդ հարցը կարգավորելու համար ոչ մի բարդություն չկա, թող լուծեն, ի՞նչ կապ ունեն ռուսները»: