Լավ կլիներ, եթե ՌԴ պատվիրակությունը մասնակցեր ԵԽ ԽՎ նստաշրջանին. Նաիրա Զոհրաբյան

«Բնականաբար, ձեռքներս ծալած չենք նստել, և խոսքը վերաբերում է ոչ միայն պատվիրակության անդամներին, այլև խորհրդարանի մեր բազմաթիվ գործընկերներին, մեր այլ կառույցներին: Արել ենք և այս րոպեին ևս անում ենք գրեթե անհնարը՝ հակահայկական այդ խիստ վտանգավոր զեկույցները չեզոքացնելու համար: Արդյունքը կերևա հունվարի 26-ին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ի՞նչ հնարավորորթյուններ ունի հակազդելու՝ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում ներկայացված 2 հակահայկական բանաձերի հետ կապված:

Նա հրաժարվեց խոսել կատարած քայլերի, ինչպես նաև ԵԽ ԽՎ մյուս պատվիրակությունների շրջանում առկա տրամադրությունների մասին. «Այս պահին բացարձակ ճիշտ չէ ասել ավելին, քան ասվել է: Աշխատում ենք, ամեն մեկս մեր տեղում մեր գործն անում ենք, արդյունքը կերևա հունվարի 26-ին՝ քվեարկությունից հետո»: Թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ադրբեջանական կողմը, Ն. Զոհրաբյանը նշեց, որ նրանց գործողություններին չի հետևում, բայց չի կարծում, որ ադրբեջական կողմը ձեռքերը ծալած նստած լինի: Ըստ նրա՝ եթե ադրբեջանցիները կարողացել են խնդիրը հասցնել մինչև լիագումար նստաշրջան, բնական է, որ գործադրելու են բոլոր հնարավոր ջանքերը՝ արդյունքի հասնելու համար. «Բայց մենք մեր գործողությունները չպետք է պայմանավորենք ադրբեջանական կողմի քայլերով և չպիտի թևաթափ լինենք, պետք է անենք անհնարը»:

Ռուսաստանի պատվիրակության չմասնակցելը ԵԽ ԽՎ նստաշրջանին, ըստ Ն.Զոհրաբյանի, նոր չէ, արդեն մեկ տարուց ավելի է՝ Ռուսաստանը չի մասնակցում ԵԽ ԽՎ նիստերին. «Իհարկե, եթե ռուս գործընկերները ներկա լինեին, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը, որի ներկայացուցիչը՝ արտգործնախարար Լավրովը, իր դիրքորոշումը նշյալ երկու զեկույցների վերաբերյալ Երևանում հստակ արտահայտեց, լավ կլիներ, որ ռուսական պատվիրակությունը ներկա լիներ և, որպես համանախագահող երկիր՝ իր հստակ դիրքորոշումը հայտներ, որ նման բանաձևերը, որոնք գլխիվայր շուռ են տալիս Մինսկի խմբի ողջ գործընթացը, բանակցային փաթեթի ողջ բովանդակությունը, ուղղակի և անմիջական վնաս են հասցնելու բանակցային ողջ գործընթացին»:

Տեսանյութեր

Լրահոս