Բաժիններ՝

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը այսուհետ կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Որոշմամբ սահմանվել է նաև, որ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը: Ընդունված որոշման արդյունքում շուրջ 13500 ընտանիք իրավունք կստանա 2016թ. ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 000 դրամի չափով:

Կարևորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ այն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, քանի որ քաղաքացիները փորձում են տարբեր ճանապարհներով այդ գումարները ստանալ կանխիկ: «Դրա համար ընթացակարգերը մենք հիմա պարզեցնում և տալիս ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա այդ ընտանեկան դրամագլխից ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ և չփորձել տարբեր ճանապարհներով, նաև կորցնելով այդ գումարի որոշ մասը, ինչպես մեր հետաքննությունն է ցույց տալիս, կանխիկացնել այդ գումարը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս