ԴԱԻՇ-ը հաստատել է Սիրիայում «Ջիհադի Ջոնի» սպանության փաստը
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունը հաստատում է «Ջիհադի Ջոն» անունով հայտնի իր զինյալի սպանության լուրը, հայտնում է AFP-ն:
Գործակալության տվյալով՝ զինյալը սպանվել է Սիրիայում ավիահարվածի հետևանքով: Նրա ոչնչացման մասին 2015թ. նոյեմբերին հայտնել էր Պենտագոնը:
Բրիտանացի ջիհադիստ Մուհամմեդ Էմվազին՝ «Ջիհադի Ջոնը», հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսին մահապատժի ենթարկեց ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին:
Մարտին մի շարք ԶԼՄ-ներ հրապարակել էին ահաբեկչի լուսանկարը նրա ուսանողական հարցաթերթիկից: Լուսանկարում երևում էր իսլամիստի ծննդյան ամսաթիվը՝ 1988 թվականի օգոստոսի 17: Բացի այդ՝ լուսանկարում երևում էր, որ նա սովորել է Վեսթմինստերյան համալսարանում:
Daily Telegraph-ը գրել էր, թե «Ջիհադի Ջոնը» տղա ունի Սիրիայում, ով հավակնում է ստանալ բրիտանական քաղաքացիություն: Հայտնի չէ, թե ով է երեխայի մայրը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հնարավորություն չի ունենա կանխել ահաբեկչի որդու տեղափոխումը Միացյալ Թագավորություն:
«Արտերկրում ծնված բրիտանացու երեխան ավտոմատ կերպով ծագումով լինում է բրիտանացի»,- ասում է ընդունված կանոնը: