«Մեր ռազմավարական դաշնակիցը մեզ ավելի թանկ գնով է գազ վաճառում, քան այն երկրին, որի հետ պատերազմում է». Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Եվրոպայում միգրանտների ճգնաժամը կապված է մեր շահերի հետ, քանի որ, ըստ նրա՝ մեր գլխավոր հովանավորը Եվրամիությունն է։ Այսօրվա ասուլիսին նա նշեց, որ Եվրամիությունը ծանր վիճակում է, դա օբյեկտիվ է, բայց մեզ համար՝ մարտահրավեր, որովհետև կարծում է՝ կարող ենք կորցնել մեր հովանավորին.

«Մյուս մարտահրավերը ճգնաժամն է Ռուսաստանում և այն ներքին ճգնաժամերը, որ տեսնում ենք Թուրքայում ու Ադրբեջանում։ Արբեջանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կարող է արձագանք ունենալ ղարաբաղյան հարցում։ Այս ճգնաժամում իրենք կարող են որոշում ընդունել` կոմպենսացնել պատերազմը, որպեսզի շեղեն ներքին լսարանի ուշադրությունը»:

Փորձագետն ասաց, որ մյուս մարտահրավերը կապված է գազի գնի հետ. «Ուկրաինայի համար գազի գինն ավելի ցածր է, քան Հայաստանի համար, այն դեպքում, երբ Ուկրաինան պատերազմող երկիր է: Ռուսաստանն Ուկրաինային գազը վաճառում է 200 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար, իսկ ՀՀ-ի սպառողի համար 280-320 դոլար է: Ձեզ կթվա, թե կատակում եմ, սակայն իրականությունն այս է, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեզ ավելի թանկ գնով է գազ վաճառում, քան այն երկրին, որի հետ պատերազմում է:

Շատ լավ է, որ կառավարությունը դիմում է «Գազպրոմին»՝ գազի գինն իջեցնելու համար, բայց դա պետք է արվեր երկու ամիս առաջ։ Մենք ունենք գազային այլընտրանք` օգտագործում ենք Իրան-Հայաստան գազամուղը միայն 30 %-ով, բայց կարող ենք այդ թիվն ավելացնել, եթե Իրանն ավելի էժան գնով տա: Ես հիմա ասում եմ հասարակ բան, որտեղ ո՛չ փող է պետք, ո՛չ այլ բան, միայն պետք է «վինտիլը» բացել և ավելի վերցնել: Մենք պետք է սովորենք Ռուսաստանի հետ աշխատել և նրանց բացատրել, որ Իրանից Վրաստան գազ տանելը շահեկան է թե՛ ՀՀ-ին, թե՛ ՌԴ-ին, որովհետև Վրաստանն ավելի է կապվում մեզ հետ»:

Ըստ նրա՝ կարծես թե քայլեր արվում են, բայց դանդաղ են արվում. «Եվրամիության հետ պայմանագիրը պատրաստ է, պետք է առևտրի հետ կապված մի քանի կետ հանել ու ստորագրել, ինչո՞ւ են ուշացնում։ Ռուսական շուկան մեր առջև փակ է, սխալ էր մտնել ԵՏՄ։ Հիմա այդ սխալն ուզում են շտկել, բայց թող արագ անեն դա»:

Տեսանյութեր

Լրահոս