
Մահապատժի ենթարկված Նիմր-ան-Նիմրը ոչ թե աստվածաբան էր, այլ ահաբեկիչ. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրը հերքել է մեղադրանքները, թե մահապատժի ենթարկված շիա հայտնի քարոզիչ Նիմր ալ-Նիմրը եղել է աստվածաբան, ով առնչություն չի ունեցել ահաբեկչությանը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Ալ-Ջուբեյրը CNN-ին տված հարցազրույցում:
«Նիմր ալ-Նիմրը ահաբեկիչ է, այլ ոչ թե կրոնի հետևորդ»,- հայտարարել է Ադիլ ալ-Ջուբեյրը: Նրա խոսքով՝ Ան-Նիմրը «հավաքագրել է, ֆինանսավորել, մատակակարել ահաբեկիչների ու մասնակցել ահաբեկչական հարձակումների, ինչի հետևանքով մահացել են անվտանգության ուժերի ներկայացուցիչներ»:
Շիա հայտնի քարոզիչը հայտնի էր որպես Սաուդյան Արաբիայի իշխող սուննի Ալ Սաուդ դինաստիայի ակտիվ հակառակորդ ու քննադատ, սակայն, բազմաթիվ դիտորդների կարծիքով, երբեք բռնության կոչ չի արել:
2016թ. հունվարի 2-ին Սաուդյան Արաբիան գլխատեց 47 մարդու, այդ թվում՝ Նիմր ալ-Նիմրին: Դա բողոքի ակցիաներ առաջացրեց տարածաշրջանի մի շարք երկրներում, այդ թվում՝ Իրանում, որտեղ զայրացած ամբոխը հարձակվեց Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության վրա:
Սաուդյան Արաբիան դրանից հետո խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:
Ի պատասխան՝ Իրանն արգելեց իր քաղաքացիներին ուխտագնացություն կատարել Մեքքա և Մեդինա, որոնք գտնվում են Սաուդյան Արաբիայում: