
ԱՄՆ-ի կողմից ազատ արձակված իրանցիները հրաժարվել են Իրան վերադառնալ. ԶԼՄ-ներ

Ամերիկյան իշխանությունների կողմից ազատ արձակված իրանցիները չեն ցանկացել վերադառնալ հայրենիք, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին, որոնք ծանոթ են իրավիճակին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Իրանը հայտարարել էին բանտարկյալների փոխանակման մասին: Իրանն ազատել էր ԱՄՆ-ի 4 քաղաքացու՝ լրագրող Ջեյսոն Ռեզայանին, քարոզիչ Սաեդ Աբեդինիին, զինծառայող Ամիր Հեքմաթիին ու Նոսրաթոլլա Հոսրաուին ու հայտարարել Թեհրանում մի քանի ամիս առաջ ձերբակալված ամերիկացի ուսանողին ազատելու մասին:
ԱՄՆ-ն, իր հերթին, ազատել է 7 իրանցիների, որոնցից 6-ն ունի երկքաղաքացիություն:
Միացյալ Նահանգները նաև Ինտերպոլից հետ են կանչել իրենց հարցումները ու հանել մեղադրանքները 14 իրանցիների նկատմամբ, որոնց արտահանձնումը գնահատվում էր որպես քիչ հավանական:
Կողմերը պայմանավորվել էին նախկին բանտարկյալներին տեղափոխել Շվեյցարիա: Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին, իրանցի 7 բանտարկյալները, ում պետք է տեղափոխեին Շվեյցարիա, չեն գտնվել ինքնաթիռում:
Ինչպես հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները, ամերիկյան ու իրանական քաղաքացիություն ունեցող 6 իրանցիները չեն ցանկացել վերադառնալ Իրան: