
Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում կպաշտպանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը

Հայտնի փաստաբան, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կպաշտպանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը, ով ներկայում ազատազրկված է, հայտնում է contact.az-ը:
Այս մասին Ամալ Քլունին անձամբ հայտնել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պատմելով գործի բնույթի ու Խադիջայի նկատմամբ հետապնդումների մասին՝ փաստաբանը նշել է, որ պաշտպանելու է այդ համարձակ կնոջը, ով բացահայտել է Ադրբեջանում իշխանությունների շրջանում կոռուպցիայի փաստերը, ինչի պատճառով էլ դատապարտվել է ազատազրկման:
Հիշեցնենք, որ «Ազադլիգ» («Ազատություն») ռադիոկայանի լրագրողին Բաքվի դատարանը դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման:
Լրագրողին մեղավոր են ճանաչել զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու իշխանությունը չարաշահելու մեջ: Անձամբ լրագրողը պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն են:
Լրագրողը ձերբակալվել է 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից վերադառնալիս:
Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր:
Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատել վերջինիս՝ նրան անվանելով «խղճի բանտարկյալ», սակայն Բաքուն անտեսում է կոչերը: