
Թալիբները Պակիստանում հարձակվել են համալսարանի վրա. կան տասնյակ զոհեր

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադդա քաղաքում զինյալները ներխուժել են համալսարանական մասնաշենք ու կրակ բացել ուսանողների ուղղությամբ, հայտնում է Express tribune-ը:
Զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Տեխրիկ-ի-Թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորումը:
Դեպքի վայրում հերթապահություն անող բժիշկների խոսքով՝ հարձակման զոհ է դարձել նվազագույնը 15 մարդ, շուրջ 50 ուսանող վնասվածք է ստացել: Հայտնի է, որ սպանվածներից մեկը քիմիայի պրոֆեսոր է:
Հարձակման պահին համալսարանի տարածքում գտնվել է շուրջ 3 հազար ուսանող:
Դեպքի վայրը շրջափակված է, իրականացվում է ուսանողների ու դասախոսական անձնակազմի տարհանում:
Ոստիկանությունը հայտնել է 2 ահաբեկչի ոչնչացման մասին, համալսարանի շենքում դեռ շարունակվում է հրաձգությունը ահաբեկիչների ու անվտանգության ուժերի միջև, հայտնում է Reuters-ը: