Ռուսաստանը մինչև տարեվերջ զրկվել է ԵԽԽՎ-ի աշխատանքներին մասնակցելուց
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահն իր ափսոսանքն է հայտնել այն բանի առնչությամբ, որ ռուսական պատվիրակությունը որոշել է բաց թողնել ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, հայտնում է BBC-ն:
«Ես ցավում եմ այդ որոշման համար»,- հայտարարել է Անն Բրասերը: «Հետևանքները կլինեն այնպիսին, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող մասնակցել վեհաժողովի աշխատանքներին ողջ 2016 թվականի ընթացքում կամ մինչև Ռուսաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- ասված է ԵԽԽՎ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտնել էր, որ ԵԽԽՎ-ի նախագահի անունով նամակ են գրել ու հայտնել, որ ռուսական պատվիրակությունը բաց կթողնի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը, որը մեկնարկում է հունվարի 25-ին Ստրասբուրգում:
«Հունվարյան նստաշրջանը մենք բաց կթողնենք»,- բացատրել էր Սլուցկին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Ստրասբուրգ կվերադառնա միայն «հավասար պայմանների դեպքում», եթե երաշխիք ստացվի ռուսական պատվիրակության բոլոր լիազորությունների վերադարձի վերաբերյալ, որոնցից ռուսական պատվիրակությունը զրկվել էր 2014-ի գարնանը՝ Ռուսաստանին Ղրիմի բռնակցումից հետո: Ռուսական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում իրավունք ունի մասնակցել նիստերին ու աշխատել կոմիտեներում:
Ավելի վաղ РБК-ին այդ մասին հայտնել էին ռուս խորհրդարանականները Պետդումայում ու Դաշնային խորհրդում՝ դա բացատրելով ռուսական պատվիրակության լիազորությունները վերադարձնելու երաշխիքների բացակայությամբ:
Ինչպես գործակալությանը հայտնել էր աղբյուրը, որը մոտ էր կանգնած ՌԴ Դաշնային խորհրդին, ԵԽԽՎ-ին չմասնակցելու որոշումը կայացվել է խորհրդարանի երկու պալատներում՝ բոլոր խմբակցությունների աջակցությամբ: