ԼՂՀ-ում իրավիճակը պայթյունավտանգ է, ուստի վերահսկողական մեխանիզմների ներդրումն անհրաժեշտություն է դարձել

«Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեղմման անհրաժեշտության մասին Ռուսաստանը խոսում է գրեթե միշտ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը մեղմելուն ուղղված ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսականները երեք կետից բաղկացած ծրագիր են առաջ քաշում, որը, նրանց համոզմամբ, հնարավորություն կտա կանխել հայ – ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը։ Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների տանը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Էլիոթ Ինգըլը նամակով դիմել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ ներկայացնելով իրենց հեղինակած ծրագրի մանրամասները։ Ամերիկացի կոնգրեսականներն առաջին հերթին՝ առաջարկում են հակամարտության կողմերին շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին։

Բացի այդ, Ռոյսն ու Ինգըլը կոչ են անում ավելացնել շփման գծում իրադրությանը հետևող ԵԱՀԿ դիտորդների քանակը, ինչպես նաև՝ նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն և կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը։ «Այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ֆիքսել շփման գծի երկայնքով իրականացված բոլոր հարձակումների աղբյուրները»,- նշում են կոնգրեսականները։ Օրերս Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ կայացած փակ լսումների ժամանակ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է արագացնել հայտնի քայլերի իրականացումը՝ հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության։ Նախաձեռնությունը ողջունել էր ԱՄՆ Պետդեպը, Գերմանիայի ԱԳ նախարարությունը։

Հարցին, թե ռուսական կողմն ինչպե՞ս է վերաբերվում նախաձեռնությանը և ինչո՞ւ չի արձագանքում, Եվսեևը պատասխանեց, որ Ռուսաստանը մշտապես կողմ է արտահայտվում հակամարտության գոտում առկա լարվածությունն իջեցնելուն ուղղված ցանկացած տեսակի գործիքների, մեխանիզմների ներդրմանը։ Եվսեևի կարծիքով՝ պատերազմի հավանականությունը վերջին տարիների ընթացքում կտրուկ բարձրացել է, քանի որ հաճախակիացել ու շատ ավելի լուրջ բնույթի միջադեպեր են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։

«Շատ ավելի ծանր սպառազինություն են կողմերն իրար դեմ օգտագործում, լուրջ դիվերսիոն օպերացիաներ ծավալում, լուրջ վնասներ պատճառում հակառակորդ կողմին։ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կազմակերպվող հանդիպումներն արդյունք չեն տալիս, որովհետև լարվածության հետևանքով վստահության դեֆիցիտ է առաջացել։ Դա պետք է վերացնել, քանի որ Ադրբեջանն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում՝ այնտեղ տիրող տնտեսական ու քաղաքական լուրջ խնդիրների արդյունքում, որը, չի բացառվում, որ Ադրբեջանին մղի ավելի լայնածավալ արկածախնդրության»,- ասաց փորձագետը։
Այս համատեքստում, նրա խոսքով, վստահության ամրապնդմանն ու լարվածության թուլացմանն ուղղված նախաձեռնությունները ողջունելի են, անհրաժեշտ հատկապես այն շրջանում, երբ ԱՄՆ-ի ուշադրությունը Հարավային Կովկասում փոքր-ինչ թուլացել է։ Ռուս փորձագետը չի բացառում, որ կարիք առաջանա նոր հարթակներ ձևավորել հակամարտության կարգավորման համար, որոնք կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբին։

«Ամեն նախաձեռնության չէ, որ Ռուսաստանն անդրադառնում է բարձրաստիճան մակարդակով, սակայն բոլոր առիթների դեպքում ՌԴ քաղաքական վերնախավը կողմերին խորհուրդ է տալիս չսրել իրավիճակը, ետ քաշել ծանր սպառազինությունը շփման գծից։ Ռուսաստանը հակամարտության կարգավորման գործընթացի ամենաակտիվ միջնորդն է եղել հակամարտության ողջ պատմության ընթացքում, և, կարծում եմ, դիտավորություն չպետք է տեսնել նախաձեռնությանը չանդրադառնալու մեջ։ Եթե կոնգրեսականների կոչերը տեղ հասնեն, կշահեն հակամարտող կողմերն ու ԵԱՀԿ ՄԽ-ն, որի անդամ է նաև Ռուսաստանը»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս