
Ադրբեջանը կսահմանափակի երկրից արժույթի դուրս բերումը՝ գանձելով գումարի 20 տոկոսը

Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են երկրից արտարժույթի դուրս բերումը: Երկրից արտարժույթի խոշոր գումար դուրս բերել ցանկացողները (նախատեսված արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու ու ներդրումներ կատարելու համար), ստիպված կլինեն գումարի 20 տոկոսը թողնել Ադրբեջանի գանձարանին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի կառավարման նախագահ Էլման Ռուստամովին:
Այսօր հանդես գալով Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական ու իրավական քաղաքականության կոմիտեի նիստում՝ Ռուստամովը բացատրել է, որ «Արժութային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունները նախատեսում են Ադրբեջանից դուրս բերվող ընդհանուր գումարի 20%-ի չափով գանձում, որը նախատեսված է արտերկրում անշարժ գույքի գնման, հող ու արժեթղթեր ձեռք բերելու ու ուղղակի ներդրումների համար:
«Սկզբում մենք որոշել էինք ամբողջությամբ արգելել արտարժույթի ու կապիտալի շարժը, սակայն, ի վերջո, մենք դիմեցինք այդ միջոցառմանը: Դա վերաբերում է նաև ուղղակի ներդրումներին, անշարժ գույք գնելուն ու արտասահմանում հաշվեհամարներ բացելուն»,- հայտարարել է Ռուստամովը:
Trend.az-ը հայտնում է, որ 20 տոկոս գանձվելու է նաև դրամական փոխանցումներից, որոնք տարեկան գերազանցելու են 50 հազար դոլարը: