ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է ԵՄ-ի համար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է ԵՄ-ի համար: Այս մասին ասված է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բրյուսելում, հայտնում է TASS-ը:

«ԵՄ-ն հաստատել է, որ ստատուս-քվոն անընդունելի է, և այդ հակամարտության խաղաղ լուծումը առաջնահերթ հարց է մնում ԵՄ-ի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Խորհուրդն ընդգծում է, որ «շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով անվտանգության հետ կապված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»:

ԵՄ-ն կրկնում է զսպվածության ու ԵԱՀԿ-ի ներքո բանակցություններին հետագա մասնակցության իր կոչը:

«Բացի այդ՝ Եվրամիությունը հաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին, որոնք միտված են ԼՂ հակամարտության կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ն կոչ է արել շարունակել երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այդ թվում՝ նախագահների մակարդակով:

«Բացի այդ՝ ԵՄ-ն հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել խաղաղաշինությանը, ինչպես նաև օգնություն ցուցաբերել հակամարտությունից տուժած շրջանների վերակառուցմանն ու վերականգնմանը խաղաղ պայմանագրի ձեռքբերումից հետո»,- եզրափակել է Խորհուրդը:

Տեսանյութեր

Լրահոս