
Դևիդ Բոուի ալբոմն առաջին անգամ գլխավորել է ամերիկյան չարթը

Հունվարի սկզբին քաղցկեղից մահացած բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուի Blackstar ալբոմը բարձրացել է՝ հայտնվելով ամերիկյան Billboard չարթի առաջին հորիզոնականում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դա Բոուի առաջին ալբոմն է, որը կարողացել է բարձրանալ ու հասնել ամերիկյան չարտի առաջին հորիզոնականը:
Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում ձայնասկավառակը ԱՄՆ-ում վաճառվել է 181 հազար օրինակով:
Միաժամանակ, ԱՄՆ-ի ամենահայտնի ալբոմների հավաքածուի 5-րդ հորիզոնականում հայտնվել է Բոուի լավագույն հիթերի հավաքածուն:
Բոուի նախորդ ռեկորդը ԱՄՆ-ում վաճառքի ծավալներով պատկանում է 2013թ. The Next Day ալբոմին:
Այն ժամանակ վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում ամերիկացիները գնել էին ալբոմի 85 հազար սկավառակ:
Հիշեցնենք, որ երաժիշտը մահացել է հունվարի 10-ին 69 տարեկանում: Դրանից 2 օր առաջ լույս էր տեսել նրա վերջին՝ Blackstar ալբոմը: