
«Այս գործելաոճը ավելի շատ նման է պետական դասական տեռորի». «Ազատամարտիկների դաշինք»

Այսպես կոչված՝ «բանդայի գործի» շրջանակներում, տեղի ունեցած ձերբակալությունները, հիմնականում ուղղված են, ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերին, այնպես էլ ներկայիս իշխանությունների վարած սխալ կամ ազգադավ քաղաքականության դեմ ըմբոստացող ազատամարտիկներին:
Այս գործելաոճը ավելի շատ նման է պետական դասական տեռորի: Իրադարձությունների զարգացման այս սցենարը ենթադրել է տալիս, որ իշխանությունները հետապնդում են պետական ու ազգային շահերին հակասող որոշումներ կայացնելու հեռահար նպատակներ, այդ պատճառով հիմնական թիրախ են ընտրել այդ որոշումներին հնարավոր դիմադրություն ցույց տալու կարող ուժերին
: Հաշվի առնելով այս իրականությունը ԱԴ-ն գտնում է, որ նույնիսկ, եթե «բանդայի» գործունեության փաստը իրականություն է, ապա դրա հիմնական մեղքն ընկնում է իշխանությունների վրա, որպես հետևանք նրանց վերջին տարիների վարած ապաշնորհ, ավելին` հանցավոր թե՛ արտաքին, և թե՛ հատկապես ներքին քաղաքականության, ինչպես նաև երկրին պարտադրած բարոյա-հոգեբանական մթնոլորտի:
ԱԴ-ն կոչ է անում իշխանություններին զերծ մնալ իրադարձությունների հետագա սրացումից, գործելու բացառապես օրենքի և օրինականության շրջանակներում և սթափ գնահատելու երկրի ներսում առկա իրավիճակը: Միաժամանակ փաստում ենք, որ մենք՝ ազատամարտիկներս մեր ավելորդ հանդուրժողականությամբ ևս ունենք մեր մեղքի բաժինը՝ ներկայիս իրավիճակի համար: Ուստի կոչ ենք անում համախմբվել և միասին տեր կանգնել ինչպես մեր պետության, այնպես էլ ազատամարտիկի արժանապատվության համար:
«Ազատամարտիկների դաշինքի» վարչություն