
Իրանը ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները «ոչ լեգիտիմ» է անվանել

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցներն իր քաղաքացիների ու ընկերությունների նկատմամբ, որոնք սահմանվել են Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո:
«Բալիստիկ հրթիռի մշակման ծրագիրը երբեք նախատեսված չի եղել միջուկային զենքի մատակարարման միջոցների մշակման համար»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյին Ջաբեր Անսարին իրանական ISNA գործակալության հետ զրույցում:
Իրանի ԱԳՆ-ի կարծիքով՝ ԱՄՆ-ի թիրախային պատժամիջոցները «լեգիտիմ չեն»:
«Իրանը վճռականորեն կպատասխանի այդ քարոզչական ելույթներին օրինական բալիստիկ զենքի ստեղծման ծրագրերի արագացմամբ ու իր պաշտպանական հզորությունների ավելացմամբ»,- ասել է Անսարին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների ու մասնավոր անձանց նկատմամբ՝ ի պատասխան 2015թ. աշնանը Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման:
Նոր պատժամիջոցներն արգելում են 11 ընկերությունների ու քաղաքացիների, որոնք կապված են իրանական հրթիռային ծրագրի հետ, օգտվել ամերիկյան բանկային համակարգից:
Որոշումը կայացվել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները չեղարկելուց 1 օր անց:
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, այդ պատժամիջոցները չեն հակասում ավելի վաղ կնքված համաձայնագրին, որը սահմանում էր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում: