Կլինեն նոր պոմպակայաններ, ջրագծեր ու ջրաչափեր
Այն նախատեսված է առաջիկա 3-4 տարիների համար եւ պայմանավորված է մայրաքաղաքում ջրամատակարարման հետագա բարելավման անհրաժեշտությամբ: (Ընթացիկ տարում պլանավորված աշխատանքների վերաբերյալ Երեւան Ջուր ՓԲԸ «Գնումների ընդհանուր ծանուցումը» տես՝ այստեղ):
Խնդիրն այն է, որ 2011թ.-ից Երեւան Ջուր ՓԲԸ-ն տվյալ նպատակով օգտագործում էր միայն սեփական միջոցները: Ճիշտ է, այս ընթացքում ջրամատակարարումը մեզանում շարունակվել է բարելավվել, ընդ որում ձեռքբերումները գերազանցել են Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորություննները, համակարգում կատարվել է նախատեսվածից ավելի շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, սակայն հաշվի առնելով սպառողների հարաճուն պահանջները, ակնհայտ է այս ուղղությամբ աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:
Ծրագրի իրականացման համար Երեւան Ջուր ընկերությանը տրամադրվել է 21,665 մլն $ԱՄՆ ֆինանսական աջակցություն, որը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից. 7-ական մլն $ԱՄՆ՝ վարկ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ու Եվրոպական ներդրումային բանկից, 7 մլն $ԱՄՆ դրամաշնորհ՝ ԵՄ Հարևանության ներդրումային գործիք (ՀՆԳ) հիմնադրամից, եւս 665 հազար $ԱՄՆ դրամաշնորհ՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի հատուկ միջոցներից:
Մասնավորապես, այն ենթադրում է բակային պոմպակայանների ցանցի զարգացման խնդրի վերջնական լուծում: Իր գործունեության տարիներին, Երեւան Ջուր ՓԲԸ վերակառուցել է նրանում ներառված մոտ 400 պոմպակայանների մեծ մասը: Մնացել է նախագծել, կառուցել ու սարքավորումներ տեղադրել վերջին 30 բակային պոմպակայաններում: Դրանք հիմնականում սեփականաշնորված նախկին կաթսայատներում, նմանօրինակ այլ վայրերում տեղակայված տեխնիկապես հնամաշ օբյեկտներ են, որոնք անհրաժեշտ է վերատեղադրել ու վերակառուցել: Այդ միջոցով կկարգավորվի երեւանյան եւս մոտ 100 բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը:
Պետք է արմատապես բարելավվի ջրամատակարարումը նաեւ Երեւանի առանձնատներով կառուցապատված թաղամասերում, որտեղ բաշխիչ ցանցի ֆիզիկական մաշվածության ու տեղի ունեցող ապօրինությունների պատճառով առկա է ջրի տեխնիկական ու առեւտրային զգալի կորուստ, ինչպես նաեւ որակի ապահովման խնդիր: Այստեղ փողոցներում նախատեսվում է վերականգնել շուրջ 152կմ ֆիզիկապես մաշված խողովակներ, իսկ անհատական տնատիրություններում՝ բնակիչներին անհատույց օգնության կարգով կառուցել մոտ 200կմ ջրագծեր: Ընդհանուր առմամբ Երեւանում կբարելավվի շուրջ 39 հազար բնակիչ-բաժանորդների ջրամատակարարումը, որոնցից անհատական տնատիրություններում բնակվող 20 հազարի ջրաչափերը նաեւ կփոխարինվի:
Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի ծրագրում ներառված տարածքներում բարելավել ջրամատակարարումը, նվազեցնել ջրի կորուստը, էլեկտրաէներգիայի ծախսը եւ վթարների քանակը, ավելացնել ջրի վաճառքը, ապահովել ջրի պահանջվող ճնշումն ու բարձր որակը. հանգամանքներ, որից առաջին հերթին շահում է բարեխիղճ սպառողը, որի սպասարկման որակի բարձրացումը ընկերության կարեւորագույն խնդիրն է:
Արդեն սկսվել է ծրագրի իրականացումը: Այսպես, մրցույթի արդյունքում ծրագրի աջակցման խորհրդատու է ընտրվել գերմանական «Ֆիխտներ Ուոթեր & Տրանսպորտեյշն» – հայկական «Ջրտուք» ՍՊԸ կոնսորցիումը: Ավարտվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների համար նախատեսված ենթածրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմելը: Շուտով կհայտարարվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ, որի հաղթողը արդեն վաղ գարնանը կսկսի շինարարական աշխատանքները: Շենգավիթ, Կենտրոն, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Աջափնյակ վարչական շրջաններին վերաբերող նախագծա-նախահաշվային աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին, որին կհաջորդի շինարարությունը: Իսկ բակային պոմպակայանների մասով աշխատանքները մտել են իրականացման փուլ: Կապալառու «Հորիզոն» ՍՊԸ-ն արդեն վերջացրել է դրանցից 5-ում տարվող աշխատանքները, որոնց շահագործումը կսկսվի առաջիկայում:
Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ նշված ծրագրի ընթացքի մասին հանրությանը կտեղեկացվի պարբերաբար:
«Երեւան Ջուր» ՓԲԸ