Ո՞րն է բարու և արդարի տարբերությունը աստվածաբանական առումով
– Ասում են` Աստված բարի և արդար է: Խնդրում եմ բացատրել` բարու և արդարի տարբերությունը աստվածաբանական առումով:
– Աստծո բարությունն ակնհայտ է դառնում Նրա գործերով: Եթե ընթերցենք Ծննդոց գիրքը, ապա կտեսնենք, որ արարչագործության յուրաքանչյուր փուլից հետո ևս մեկ անգամ ասվում է, որ Աստծո արարվածը բարի է: Եվ եթե Նրա ձեռքերի գործը բարի է, ապա Ինքն էլ բարի է:
Աստված բարի է, որովհետև Նրա մեջ չարն ընդհանրապես գոյություն չունի: Բարի է, որովհետև Աստված չի կարող չարիք գործել` ելնելով Իր էությունից, քանի որ Նա միայն բարին է բխեցնում: Աստվածային արդարությունը տարբերվում է մարդկային արդարությունից, թեև տեսականորեն մարդկային արդարությունը պետք է աստվածային արդարությանը նման լիներ: Սակայն մարդիկ փոխեցին և որոշակի չափորոշիչներ դրեցին մարդկային արդարության և անարդարության համար: Աստվածային արդարությունն անողոք է թվում, սակայն այդպես չէ: Այն հստակ է և պարզ: Աստվածային արդարությունն անկաշառ է, անփոփոխ, և այդ իսկ պատճառով մենք Աստծուց խնդրում ենք, որպեսզի Նա դատաստանի օրը մեզ դատի ո՛չ թե Իր արդարությամբ, այլ՝ գթությամբ:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am