Հաագայում իր աշխատանքները կսկսի Կոսովոյի հարցով հատուկ տրիբունալը

Կոսովոյի անկախության համար մղված պատերազմի տարիներին կատարված ռազմական հանցագործությունների հետաքննության հատուկ տրիբունալը Հաագայում իր աշխատանքները կսկսի 2016 թվականին, հայտնում է korrespondent.net-ը:

«Նախարարների կաբինետը համաձայնել է Եվրամիության խնդրանքին՝ հիմնել Կոսովոյի հարցով տրիբունալ Նիդեռլանդներում»,- ասվում է հոլանդական կառավարության կայքում:

Ինչպես նշվում է փաստաթղթում, դատարանը (Kosovo Relocated Specialist Judicial Institution) կզբաղվի 1999-2000 թվականներին էթնիկ փոքրամասնությունների ու քաղաքական հակառակորդների նկատմամբ իրագործված ծանր հանցագործությունների հետաքննությամբ, որոնց կատարման մեջ կասկածվում են Կոսովոյի ազատագրության բանակի մասնակիցները:

Փաստաթղթում նշվում է, որ Կոսովոյում ազատագրության բանակի նախկին մարտիկների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա, քանի որ շատերը նրանց համարում են հերոսներ, այդ իսկ պատճառով կարող են խոչընդոտել դատարանի աշխատանքին՝ ճնշում գործադրելով վկաների վրա, խոչընդոտելով դատարանի աշխատանքին, ինչի պատճառով էլ տրիբունալը պետք է տեղափոխվի մեկ այլ երկրի տարածք:

Կոսովոյի խորհրդարանը հաստատել էր տրիբունալի ստեղծումը 2015 թ. հուլիսին՝ 5-ամյա բանավեճերից հետո՝ փոխելով երկրի Սահմանադրությունը:

Տեսանյութեր

Լրահոս