
Տարեսկզբից սկսած՝ մոլորակի ամենահարուստ մարդիկ կորցրել են 305 միլիարդ դոլար

2016թ. առաջին երկու շաբաթներին մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ կորցրել են ընդհանուր առմամբ 305 միլիարդ դոլար:
2016 թվականի սկիզբը համաշխարհային շուկաների համար երևի թե վատագույն ժամանակահատվածն է, գրում է Bloomberg-ը: Բացասական դինամիկա է դիտվում ասիական, եվրոպական ու ամերիկյան ֆոնդային հարթակում, նավթն էժանանում է Իրանի վրայից պատժամիջոցները հանելու հայտարարության սպասման ֆոնին:
Այս շաբաթվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ զրկվել են 115 միլիարդ դոլարից, ավելի քան 1 միլիարդ դոլարից զրկվել է 76 միլիարդատեր, վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները:
Ընդ որում՝ 7 մարդ կորցրել է 1 միլիարդ դոլար միայն ուրբաթ օրվա ընթացքում: Ամենամեծ կորուստը, 2016թ. հունվարի 1-ից սկսած, կրել է Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (8,9 միլիարդ դոլար): Նախօրեին նրա ընկերության բաժնետոմսերը նվազել են 3,85%-ով, իսկ կարողությունը՝ նվազել 1,9 միլիարդ դոլարով:
Տարեսկզբից սկսած՝ Բիլ Գեյթսը կորցրել է 6,8 մլրդ դոլար: