Բաժիններ՝

Արտահանման խթանման մասին միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը դրական միտում ունի

2011 թ. վերջին ՀՀ կառավարությունը՝ այն ժամանակ՝ ՀՀ վարչապետ, իսկ այժմ՝ ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, հաստատեց ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, 2012թ. փետրվարին ստեղծվեց ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ, գերակա ճյուղեր հռչակվեցին դեղագործությունը, կոնյակագործությունը, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, ոսկեգործությունը և այլն: Խորհուրդը գլխավորում էր անձամբ վարչապետը, իսկ դրա կազմում էին բոլոր առանցքային գերատեսչությունների ղեկավարները՝ էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության նախարարները, ՊԵԿ-ի ղեկավարը, և այլք: Եվ չնայած ցուցադրվող աշխատանքին, բազմաթիվ որոշումներին ու ծրագրերին, այս տարիների ընթացքում շոշափելի արդյունքներ արձանագրել հնարավոր չէ:

Այժմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ ստեղծվում է մի նոր՝ արտահանման խթանման խորհուրդ, որում, ամենայն հավանականությամբ, կրկին կընդգրկվեն բոլոր առանցքային գերատեսչությունների ղեկավարները: Թե ինչո՞ւ է նա հրաժարվում իր նախորդի սահմանած նպատակից՝ արդյունաբերության զարգացումից, և ինչպե՞ս է տնտեսությունն առաջ մղելու, որպեսզի արտահանելի ապրանք ունենանք, դեռ հստակ չէ:

Ամեն դեպքում, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում, խոսելով նոր խորհրդի մասին, դրական միտում է արձանագրում. «Այն, որ խորհուրդը ստեղծվել է, որ կառավարությունը արտահանման խթանման մասին միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում վարչապետի գլխավորությամբ, դա դրական միտում է, որովհետև մեր արտահանման ծավալները խիստ կարիք ունեն մեծացման: Այն չափանիշները և այն ծավալները, որ մենք արտահանում ենք, բավարար չի, որպեսզի մենք կարողանանք ապահովել ՀՀ-ում չարտադրվող ապրանքների ներմուծման դիմաց վճարելու համար անհրաժեշտ տարադրամը: Դրա համար նման բան պետք է արվեր ավելի վաղ, բայց լավ է, որ հիմա ստեղծվել է, և պետք է կարողանանք դա իրականացնել»:

Ըստ նրա՝ մի քանի միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի այդ խորհուրդը կարողանա ճիշտ և ժամանակին օգտակար լինել հայրենական արտադրությանը: Վ. Սաֆարյանը նշեց, որ դրա համար պետք է էժան վարկեր տրամադրեն տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ներմուծմանը փոխարինող տեղական արտադրություն կազմակերպվի, պետք է ուսումնասիրվեն և դիվերսիֆիկացվեն շուկաները. «Այսօր ռուբլու արժեզրկման հետ կապված ռուսական շուկա արտահանման խնդիրը դժվարություններ է ստեղծել, և պետք է կարողանանք այլ շուկաներ գտնել: Պետք է այդ քաղաքականությունն իրականացնել, և մեր այս խորհուրդը համապատասխան քայլեր ձեռնարկի, կարծում եմ, դրական արդյունքներ կտեսնենք»:

Մեր դիտարկմանը, թե արդյոք համեստ չէ՞ խորհրդի ծրագրով այս տարի Հայաստանից արտահանման համար գերակա արտադրանքների ցանկը՝ գինի, մրգային օղի, պահածոներ, մսամթերք, ձկնատեսակներ ու ձկնամթերք, երբ նախկինում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանվել էին 12 գերակա ոլորտներ, Վ.Սաֆարյանը պատասխանեց. «Դե գիտեք, դեռ որ սկսեն ինչ-որ բաներ անել… օրինակ՝ մրգային օղիները որոշակի էքսկլյուզիվ ապրանքատեսակ է, տանձի, ծիրանի, հոնի, թթի օղիները, եթե կարողանանք ռուսական կամ այլ շուկաներ ստեղծել դրանց համար, դա բավականին հեռանկար կունենա, որովհետև մեզանում շատ են մրգային օղիները»:

Սակայն, ինչպես ընդգծեց Վ.Սաֆարյանը, հիմնական շեշտը պետք է դրվի արդյունաբերական ապրանքների արտահանման վրա՝ քլորոպրենային կաուչուկի, ազոտական պարարտանյութերի, սապֆիրների, կորունդների, սարքաշինական մեքենաների, և այլն. «Դրանց ուղղությամբ պետք է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունն իրոք գործողության մեջ դնել: Դրա համար հարկավոր է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տրամադրած վարկերը ոչ թե 3% սուբսիդավորվեն, այլ 5% լինի սուբսիդիան, որ 22 կազմակերպության փոխարեն՝ ավելի շատ կազմակերպություններ վարկ վերցնեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս