Ջութակահար Սերգեյ Խաչատրյանին ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել
Հայտնի և սիրված հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանին երեկ հանձնվել է դեռևս 2012թ.-ին շնորհված ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը: Կոչումը երաժշտին է հանձնել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ավարտից հետո, կուլիսներում Ս. Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկել էր անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը, որն այս տարի կազմակերպվել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ՝ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս տարի փառատոնի բացմանը ելույթով հանդես եկավ նաև աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
Փառատոնն այս տարի ներառել է 4 համերգային երեկո, որոնց ընթացքում կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փակման համերգին ՀՊԵՆ-ը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Կհնչի նաև Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան: