«Տամիֆլյուն»՝ հարստացման նոր աղբյուր
Հայաստան «Տամիֆլյու» դեղամիջոցի ներկրման «բացառիկ» իրավունքը տրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Գրուպ» ընկերությանը: Եթե ոչ պաշտոնապես, ապա փաստացի, այս ընկերությունն է ստանձնել H1N1 վիրուսի (խոզի գրիպ) բուժման նպատակով օգտագործվող «Տամիֆլյուի» մատակարարումը: Ներկայումս դեղատներում շատ դժվար է գտնել այդ դեղամիջոցը, այն էլ չափազանց թանկ արժե՝ 20-40 հազար դրամ:
«Նատալի Գրուպը» «Տամիֆլյու» ներկրել է Ռուսաստանից և, ինչպես լրագրողներին հայտարարել էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, դեղի արժեքը սահմանվել է 11.500 դրամ: Իհարկե, սա զգալի էժան է ներկայիս գնից, սակայն ռուսաստանյան մանրածախ գնի համեմատ ավելի է շուրջ կիսով չափ:
Եթե նկատի ունենանք, որ Հայաստանում գազի գինը համեմատվում է ՌԴ Օրենբուրգի նահանգում սահմանված գնի հետ, ապա «Տամիֆլյուն» Օրենբուրգում արժի 1227.36 ռուբլի կամ շուրջ 7700 դրամ: Փաստորեն, այս աժիոտաժը լավ առիթ կհանդիսանա ոմանց ֆինանսական վիճակն էլ ավելի բարելավելու համար:
Նկատենք նաև, որ H1N1 վիրուսի դեմ պայքարում «Տամիֆլյուի» արդյունավետությունը միայն վարակի առաջին օրերին է արդյունավետ, իսկ եթե հիվանդն ուշացրել է իր բուժումը, ապա այդ դեղամիջոցի ազդեցությունը թուլանում է և արդյունավետությունը նվազում է: