Բաժիններ՝

Այս օրերին Վանաձորի շտապօգնության բաժանմունքում կանչերն ավելացել են

asparez.am-ը գրում է. Հունվարի 1-12-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բաժանմունքը ստացել է 776 կանչ, սա 29-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Նշված 776 կանչերից 59-ը գրանցվել են գյուղական համայնքներից: Իսկ կանչերի պիկը գրանցվել է հունվարի 11-ին՝ 78 կանչ:

Շտապ բուժօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանն ասում է, որ այս տարի շատացել են նաեւ ոչ տեղին զանգերը.

-Մարդկանց 90 %-ը կանչում են տեղին, իսկ 10 %-ը, որ կարող են զանգել կամ գնալ պոլիկլինիկա, զանգում են շտապօգնություն: Բուժօգնություն ստանալու տեսանկյունից որ դիտենք՝ մարդու կանչն իմաստային է, բայց ինքը չունի անհետաձգելի բուժօգնության կարիք: Մարդիկ պետք է հասկանան, որ շտապօգնությունն անհետաձգելի իրավիճակների համար է, ոչ, թե 37.3, 37.4 ջերմության դեպքում կանչում են շտաօգնություն: Կամ ճնշումը 10 աստիճանով բարձրանում է, իրենք պետք է իրենց ունեցած հաբը խմեն եւ սպասեն, որ ազդի, չեն ուզում, պարտադիր պետք է շտապօգնություն կանչեն:

Շտապօգնության ամփոփագրի համաձայն, այս տարի Վանաձորում 17-ով ավելի են նաեւ կրկնակի կանչերը: Ընդհանուր առմամբ, տոնական օրերին գրանցվել է 39 կրկնակի կանչ:

Շտապ բուժօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կանչերի մեծ մասը պայմանավորված են եղել սիրտանոթային հիվանդություններով, երկրորդ տեղում է սուր շնչառական վարակները, այնուհետեւ՝ տրավմաներ: Հոսպիտալիզացվել են 158 քաղաքացիներ:

Տոնական օրերին Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բաժանմունքը չի ստացել կանչեր` կապված սննդային թունավորման կամ ալկոհոլի չարաշահմանը հետ:

Շտապօգնության 4 խումբը սպասարկել է Վանաձոր քաղաքը եւ շրջակա 10 գյուղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս