Շատ մարդկանց համար մշակութային արժեք է Աշտարակի ճանապարհի մեծ առանձնատունը կամ առյուծներով փորագրած զուգարանի դուռը. Ռուբեն Բաբայան

Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքին սպառնացող վտանգի մասին` նշեց, որ մեզ բացարձակապես հայտնի չեն այդ ամբողջ գործարքի իրավական հիմքերը՝ ինչպիսի՞ պայմանագիր է եղել, ի՞նչ պարտականություններ են դրվել կողմերի վրա, ինչքանո՞վ են այդ պայմանագրի կետերը համապատասխանել այդ ժամանակ գործող օրենքներին, արդյո՞ք բոլոր կետերը պահպանվել են, արդյո՞ք պայմանագրում նշված է եղել, որ կոնցեսիոները պարտավոր է պահպանել շենքը.

«Ցանկացած նմանատիպ մեծ կառույց, եթե մատնվում է անտերության, պարզ է, որ որոշակի ժամանակ հետո դառնում է վթարային: Այս բոլորը հարցեր են, որոնք իրավական պատասխան են պահանջում։ Ո՞վ է կնքել, ո՞վ է հաստատել, ո՞վ է խախտել այդ պայմանագիրը. սա ինձ համար մութ անտառ է»։

Ըստ նրա՝ սա ոչ միայն ճարտարապետական, այլև մշակութային ու պատմական արժեք է.

«Երբ ասում ենք մշակութային արժեք, շատ մարդիկ այլ պատկերացում ունեն դրա մասին. իրենց համար մշակութային արժեք է Աշտարակի ճանապարհին գտնվող մեծ առանձնատունը կամ առյուծներով փորագրած զուգարանի դուռը և այլն: Այստեղ դժվար է ընդհանուր եզրեր գտնել: Դրա համար նշում եմ՝ նաև պատմական: 1988թ., երբ տեղի ունեցավ երկրաշարժը, «Զվարթնոց» օդանավակայանը դարձավ Հայաստանի հանդեպ մարդասիրական կենտրոնի սիմվոլ, բոլոր նրանք ովքեր այդ ժամանակ գնացել ու կամավոր աշխատել են օդնավակայանում, կհիշեն, թե ինչ էր կատարվում: Սա պատմություն է և վերացնելով այս շենքը մենք վերացնում ենք ոչ միայն մշակույթը, այլև մի կարևոր շենք, որը Հայաստանը կապում է ամբողջ աշխարհի հետ»:

Նա նշեց, որ այդ շենքը կարելի է դարձնել ուսումնական-զվարճանքի կենտրոն երեխաների համար կամ համաշխարհային օժանդակության թանգարան.

«Մենք տարածք օգտագործելը հասկանում ենք միայն առևտրի ձևով օգտագործելու տեսակետից, ուրիշ կերպ չենք ընկալում»:

Ռ. Բաբայանն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է այդ ամբողջ ճարտարապետական կոմպլեքսի միայն աշտարակը թողնելը.

«Պոմպակայա՞ն ենք թողնում: Եթե մենք ամեն ինչ քանդում ենք, թողնում ենք միայն աշտարակը, դա պոմպակայանի տպավորություն է թողնելու: Եթե լինեն լայն քննարկումներ, կխուսափենք նմանատիպ բաներից»:

Տեսանյութեր

Լրահոս