
Օբաման ԴԱԻՇ-ի դեմ պայքարում համագործակցության կոչ է արել

ԴԱԻՇ խմբավորման ոչնչացումը հնարավոր է միայն գործընկերների հետ լայն համագործակցության ծավալման դեպքում, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
«Նախագահն ընդգծել է, որ ԴԱԻՇ-ի ոչնչացման համար այսուհետ ևս հարկավոր է կոորդինացիա ու փոխհամաձայնություն գործընկերների լայն շրջանակի հետ գլոբալ մասշտաբով: ԱՄՆ-ը հետագայում ևս վճռականորեն կգլխավորի ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի միասնական ջանքերը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը տարածվել է Օբամայի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
Դրանում ասվում է, որ Օբաման պահանջել է իր ադմինիստրացիայից ակտիվացնել համագործակցությունը ռազմական ոլորտում՝ կանխելու ԴԱԻՇ-ի տարածումը Սիրայի ու Իրաքի սահմաններից դուրս, ինչպես նաև փակել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները:
Ավելի վաղ, Կոնգրեսին ուղղված ուղերձում Օբաման ընդգծել էր, որ ահաբեկչության դեմ պայքարը լինելու է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը նախօրեին հայտնել էր, որ պլանավորում է հաջորդ շաբաթ Փարիզում հանդիպել ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի անդամների հետ ու «առանց ամաչելու կամ տատանվելու» նրանցից պահանջել ակտիվորեն մասնակցել ռազմական օպերացիաներին: