Նոր քրեական գործեր Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով. հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված ևս երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Երկու քրեական գործերն էլ ուղարկվել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործերից մեկը վերաբերում է սպանության գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի հորը՝ Զարմիկ Մարկոսյանին, ով եղել է ինստիտուտի հրամանատարի տեղակալը: Զարմիկ Մարկոսյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով գնդապետ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, այն է՝ որդու՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ. հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գ. Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից»:
Թելման Մխիթարյանին և Խաչիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1 կուրսանտական գումարտակի 1 մարտկոցի 3-րդ դասակի 2-րդ ջոկի կուրսանտներ, 2015թ. հունվարի 28-29-ը թ.Մխիթարյանը ընդգրկված լինելով՝ որպես մարկոցի հերթապահ, իսկ Խ.Մինասյանը՝ օրապահ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնների նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանք, այն է` նույն մարտկոցի կուրսանտներ Գ. Թևոսյանի, Ն. Սահակյանի, Վ. Սահակյանի Մ. Ազարյանի և Հ. Բարսեղյանի միջև տեղի են ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, և սպանվել է Հ. Բարսեղյանը»:
Երկու քրեական գործերն էլ մակագրվել են դատավոր Դավիթ Հարությունյանին, ում վարույթում քննվում է նաև բուն սպանության գործը: