Եվս մեկ մահ H1N1 վարակից
Ժամեր առաջ ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:
Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի։
Այս տեղեկատվությունը քիչ առաջ նախարարությունը լրացրեց. պարզվում է` այսօր մահացածների թիվը ոչ թե երկուս է, այլ երեք.
«Քիչ առաջ տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում:
Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 3-ը` 2015 թվականին»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: