
Գողություն Տավուշի մարզպետի տնից. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս և կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2016թ. հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։